Ինչպես տեղեկացնում է ARMSCOOP գիտական ցանցը, 2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի միջնադարագիտության և հնագրության ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանի (Շիրինյան) գլխավորությամբ, նշյալ համալսարանի և «Association Internationale des Etudes Armeniennes» (AIEA)-ի աջակցությամբ բարձր մակարդակով կազմակերպվել էր ձեռագրերի հիշատակարաններին նվիրված մի գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեցին ձեռագրական ավանդույթներով հայտնի հունական, ղպտիական, եթովպական, ասորական, արաբական, պարսկական, վրացական ձեռագրերի հիշատակարանները հայկական ձեռագրերի հիշատակարանների համեմատությամբ: Գիտաժողովին մասնակցում էին Եվրոպայի հայտնի` Օքսֆորդի, Հռոմի, Համբուրգի, Բոլոնիայի, Վենետիկի, Պիզայի համալսարանների պրոֆեսորներ, Վատիկանից, Հայաստանից և Վրաստանից հրավիրված մասնագետներ:
Գիտաժողովի մասնակիցները միաձայն ողջունեցին հայերեն ձեռագրերի հիշատակարանների մինչ այժմ հրատարակված տասնհատորյա շարքը: Վերջիններս սկզբնաղբյուր են, ինչպես պատմաբանների, այնպես էլ արևելագետների, բանասերների, ազգագրագետների, լեզվաբանների համար: Ուստի, հիշատակարանների առանձին ժողովածուների առկայությունը կարևոր է ոչ միայն հայագիտությամբ, այլև արևելագիտությամբ զբաղվողների համար: Մասնակիցները փաստեցին նաև, որ նման ծավալի հիշատակարանների ժողովածուներ չունեն աշխարհում ձեռագրական ավանդույթներով հայտնի մի շարք գիտական կենտրոններ, մինչդեռ հայերեն ձեռագրերի հիշատակարանները սկսել են հրատարակվել դեռևս 1950-ական թվականներից` Լ. Խաչիկյանի, Ա.Մաթևոսյանի, Գ. Հովսեփյանի, Վ. Հակոբյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ:
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող, ԵՊՀ ասպիրանտ, ARMSCOOP գիտական ցանցի համահիմնադիր Խաչիկ Հարությունյանը գիտաժողովի ընթացքում ներկայացրեց Մատենադարանում ծրագրվող հիշատակարանների նոր ու ամբողջական ժողովածուների հրատարակության վերաբերյալ մանրամասն զեկուցում, որի հեղինակն էր Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը:
Բոլոնիայի համալսարանի միջնադարագիտության և հնագրության ամբիոնի կողմից նմանօրինակ գիտաժողովներ կազմակերպվում են պարբերաբար, որոնց մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հայտնի գիտնականներ:
Սկզբնաղբյուրը՝ Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP) գիտական ցանց