Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում լսումներ կլինեն համընդհանուր ներառական կրթության վերաբերյալ

Հոկտեմբեր 16,2012 18:40

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ հետազոտությունն էր:

Ինչպես նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հետազոտության արդյունքները ներկայացնող աշխատությունն ընթերցելով՝ «առնվազն պետք է քարե սիրտ ունենաս, որ չմտածես բոլորիս պաշտպանության կարիքն ունեցող երեխաներին օգնելու մասին»: Նրա խոսքով՝ նման հետազոտության կարեւորությունը մեծացնում է հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանը կանգնած է համընդհանուր ներառական կրթության անցնելու շեմին. համապատասխան օրենքն արդեն անցել է առաջին ընթերցում, առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ:

Ներկայացնելով մանրամասներ հետազոտության վերաբերյալ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը, այն հանգամանքը, որ ներառական կրթության հարցը գտնվում է օրենսդիր մարմնի ուշադրության կենտրոնում: Վերջինիս կարծիքով՝ ոլորտում ճիշտ ռազմավարություն մշակելու համար նախեւառաջ կարեւոր է պատկերացում ունենալ առկա իրավիճակի մասին, ինչին էլ օգնում է կատարված հետազոտությունը:

Ներառական կրթության ոլորտում իրենց երկրի բազմամյա փորձը եւ ձեռքբերումները ներկայացրեց Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետ Մարիա Ֆիլոմենա Պերեյրան: Նրա խոսքով՝ ոլորտի կայունացման գործընթացը Պորտուգալիայում պահանջել է տարիներ, նոր գիտելիքների, ֆինանսական միջոցների ներդրում, իսկ արդյունքն այսօր արդեն ակնհայտ է:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին համընդհանուր ներառական կրթության անցնելու պորտուգալական փորձով, գործընթացի մանրամասներով, քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031