Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանը նեղացրել է ինչպես ՀՀԿ-ականներին, այնպես էլ ՕԵԿ-ականներին

Հոկտեմբեր 16,2012 17:51

 

Դեռևս նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրեն անմնացորդ սատարելու  համար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՕԵԿ հիմնադիր,   Ազգային անվտանգության ծառայության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանից  իր շնորհակալությունը հայտնեց`  մոտ 10 ՕԵԿ-ականների քաղաքապետարանում աշխատանքի տեղավորելով: Այդ ժամանակ հանուն Արթուր Բաղդասարյանի  քաղաքապետը  նույնիսկ ապօրինություն գործեց.  սահմանված օրենքի համաձայն, թեև իրեն  երկրորդ փոխքաղաքապետ չէր հասնում, սակայն բերեց ու աշխատանքի տեղավորեց ՕԵԿ-ական, նախկին Մոսկովյան շրջանի գործկոմի նախագահ  Ռուդիկ Հովհաննիսյանին:

Սամվել Բալասանյանն էլ, քաղաքապետարան ոտք դնելով, առաջինը ազատվեց հենց այս փոխքաղաքապետից: Նշենք, որ ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանը,  ի տարբերություն իր կուսակից մյուս ընկերների, Վարդան Ղուկասյանի հետ միասին դիմում չէր ներկայացրել հեռացման, որոշել էր շարունակել իր աշխատանքը Սամվել Բալասանյանի հետ: Նա այս մասին նույնիսկ  հասկացրեց պարոն Բալասանյանին. երբ վերջինիս ներկայացնում էին քաղաքապետի պաշտոնում, ՕԵԿ-ական փոխքաղաքապետը ձայն խնդրեց  Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից ու   ասաց. «Ես պարոն Գիզիրյան, ուզում եմ մեր աշխատակազմի անունից շնորհավորել պարոն Բալասանյանին  այսօր քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Պարոն Բալասանյան,   էստեղ նստածներս բոլորը ձեր ընկերներն  են, գործընկերներ են, ձեզ լավ ենք ճանաչում, ձեզ բոլորս գիտենք, կարծում եմ նույնն էլ դուք եք ճանաչում բոլորին:Եվ հասարակական կարծիք կա քաղաքապետարանի ապարատի մասին, յուրաքանչյուր աշխատողի մասին, կարծում եմ կարիք չկա ներկայացնելու կամ ինչ-որ  ներկայանալու կամ կողքից ինչ-որ միջնորդելու: Ինչի՞ համար եմ ասում` անկախ նրանից, ով կմնա  կաշխատի ձեզ հետ, ով ճանապարհ կանցնի, ես կարծում եմ յուրաքանչյուրիս պարտքն է, այստեղ նստած իմ ընկերների անունից եմ ասում, աջակցել, ձեր կողքին կանգնել այն դժվարին խնդիրների լուծման ժամանակ, երբ որ դուք հարմար կգտնենք մեզ հետ խորհրդակցելու »: Սակայն պարոն Բալասանյանը ցույց տվեց, որ ինքն ամենևին էլ ՕԵԿ-ականի խորհրդի կարիքը չունի:

Մինչդեռ, քաղաքապետարանի նախկին աշխատակիցների դժգոհելով, Սամվել Բալասանյանը, որը նախկինում եղել է ՕԵԿ-ական, այժմ աշխատանքի է տեղավորում իր հետ  ժամանակին ՕԵԿ-ի շարքերից դուրս եկածներին: Օրինակ` բավականին պատասխանատու մի պաշտոն` կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնը հանձնել է Գյումրու ավագանու նախկին անդամ, նախկին ՕԵԿ-ական  Չուբար Զարգարյանին,  որն, ի դեպ, լինելով Սամվել Բալասանյանի բարեկամը, անչափ մտերիմ էր Վարդան Ղուկասյանի հետ, խոսքեր չէր գտնում նրան աստվածացնելու համար , քաղաքապետարանից անընդմեջ պատվեր էր ստանում այս կամ այն փողոցը ասֆալտապատելու կամ վերանորոգելու համար: Այս անձնավորությանը  չհաջողվեց վերընտրվել ավագանի, սակայն նրան անգործ չթողեցին:  Ըստ մեր աղբյուրների, նախկին կարկառուն ՕԵԿ-ականներից է նաև  տնտեսագետ Կարեն Բադալյանը, որին  պարոն Բալասանյանը նշանակել է  եկամուտների բաժնի պետ:  Այս երիտասարդը  Բալասանյանի խորհրդականն էր ԱԺ-ում: Նախկին ՕԵԿ-ական է նաև Սամվել Բալասանյանի  քրոջ ամուսինը` ներկայիս փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, որին մոտ 7 տարի առաջ ՕԵԿ-ը նշանակեց որպես Շիրակի փոխմարզպետ:

Ի դեպ, Սամվել Բալասանյանից անչափ նեղացած են նաև ՀՀԿ-ականները, որոնց դեռ աշխատանքի տեղավորելու  առաջարկ չի արվել: Փոխարենը, տեղի հանրապետականների դժգոհելով,   պարոն Բալասանյանը ազատվել է քաղաքապետարանի ՀՀԿ-ական կադրերից, օրինակ ` Ռաֆիկ Հակոբջանյանից, որը Վարդան Ղուկասյանի օրոք գլխավորում էր քաղաքաշինության բաժինը, և  շինարարների մասնագիտական գնահատմամբ,  որակյալ մասնագետ է:  ՀՀԿ-ական էր նաև ապօրինի շինությունների  բաժնի պետ, ոստիկանության նախկին փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը: Նրա փոխարեն նորընտիր քաղաքապետը  այժմ աշխատանքի է տեղավորել  ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռոբերտ Զաքարյանի` « Չուլոշնու Ռոյի »  քրոջ տղային: Քաղաքապետն  իհարկե այս ձևով   իր շնորհակալությունն է հայտնել կուսակից ընկերոջը` ընտրություններին իրեն սատարելու համար: Նշենք, որ Սամվել Բալասանյանը սպորտի բաժնի պետ է նշանակել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Մեխակ Ղազարյանին, որը գլխավորում է բռնցքամարտի դպրոցը,և  շատ մոտ հարաբերությունների մեջ է եղել  Վարդան Ղուկասյանի հետ:

Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ նորանշանակ քաղաքապետը հերթով աշխատանքի է տեղավորելու  ավագանու անդամ չդարձած իր թիմակից-բարեկամներին: Օրինակ` շեշտվում է  փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի եղբոր`Արշալույս Սանոյանի  անունը, որին, ըստ խոսակցությունների,  պատրաստվում են հանձնել քաղաքի աղբահանությունը:

Մենք նորընտիր քաղաքապետի կադրային քաղաքականության մասին  պարզաբանումներ խնդրեցինք նաև Գյումրու քաղաքապետարանի  մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից, ով փոխանցեց հետևյալը. «Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի եղբորը չեն պատրաստվում որևէ աշխատանք առաջարկել  Գյումրու քաղաքապետարանում, այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նրան արդեն իսկ նշանակել են Գյումրու գարեջրի գործարանի տնօրեն: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմը ապաքաղաքական է, ինչպես   հայտարարել է   պարոն Բալասանյանը, այստեղ բացառապես աշխատելու  են մասնագետներ: Նախկին բաժնի պետերը հեռացել են իրենց դիմումի համաձայն, իսկ ինչ վերաբերում է հայեցողական  պաշտոններին , ապա քաղաքապետը, օգտվելով իրեն ընձեռված իրավունքից,  նշանակելու  է այն մարդկանց, որոնց ինքը ցանկանում է, և պետք չէ որևէ քաղաքական ենթատեքստ տեսնել. ամեն  ինչ արվում է քաղաքի զարգացումը հունի մեջ դնելու համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031