Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը ոչ մի տեղ չի քննարկվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Վարդան Օսկանյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու լինելու վերաբերյալ, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն անմիջապես հավելեց, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Մինչեւ օրենքով սահմանված ժամկետը մենք այդ հարցին կպատասխանենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Լրագրողների դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունն արդեն անհանգստացնում է, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Շատ լավ է, թող անհանգստանան: Ինչքան անհանգստանան, այնքան շատ ադրենալին կարտադրվի: Մենք պետք հասկանանք՝ ինչ ռեսուրսների տեր ենք նաեւ դաշնակիցների առումով: Պետք է հասկանանք նաեւ հետընտրական զարգացումներում ինչ խնդիրներ ենք ունենալու: Այդ ամբողջի վերլուծությունը դեռ ընթացքի մեջ է»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ինքը, Նիկոլ Փաշինյանը կամ Խաչատուր Սուքիասյանն առաջադրվեն, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ դրանք անիմաստ քննարկումներ են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև