Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության բողոքը` կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: Արդյունքում՝ գրասենյակի գույքը վնասվել էր, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս էր պատճառվել:
Կարդացեք նաև
Վերոնշյալ հանգամանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելը եւ առիթի օրինականությունը ստուգելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել:
Նախապատրաստված նյութերի համաձայն` երթի մասնակիցներից ոչ մեկի արարքում հանցակազմ չի հայտնաբերվել, եւ այն բացակայելու հիմքով, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ երթի մասնակիցների կողմից դիտավորությունն ուղղված չի եղել հասարակական կարգը խախտելու, հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորվել, կազմակերպիչների եւ մասնակիցների գործողությունները պայմանավորված են եղել իրենց ազգային արժանապատվությունը պահելու ցանկությամբ, եւ հենց այդ պատճառով էլ կազմակերպվել է խաղաղ երթ, նախաքննական մարմինը մերժել էր քրգործ հարուցել:
Հակառակ սրան` դատարանում իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը պնդել էր, որ առկա են քրեական գործ հարուցելու եւ հիմքը, եւ օրինական առիթը:
Արդյունքում կազմակերպությունը դատական կարգով փորձեց վիճարկել քննիչի` դեպքի կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը:
Անուշ Բուլղադարյան