Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտնականները միջազգային գիտաժողովներում 1-ին մրցանակի են արժանացել (տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2012 16:16

 

«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ,  Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, ով ամփոփեց եռամսյա ծրագրի արդյունքները:

Վարդանյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի առաջարկով հուլիսի մեկից մեկնարկած ծրագրին տրամադրվել է ընդհանուր առմամբ հարյուր միլիոն դրամ. «Ծրագիրն ընթացել է չորս ուղղությամբ՝  երիտասարդ գիտնականների արտասահմանյան գործուղումների ֆինանսական աջակցություն, երիտասարդ գիտնականների կազմակերպած գիտաժողովների ֆինանսավորում, մրցանակաբաշխություն եւ անհատական դրամաշնորհների տրամադրում՝ յոթ հազար դոլարի չափով: Հուլիսից ի վեր ընդունել ենք ծրագրի մասնակցության հայտեր. 17 երիտասարդ գիտնական իրավունք ստացավ մասնակցել  միջազգային գիտաժողովների, ինչի համար տրամադրվել է շուրջ հինգ միլիոն դրամ: Ուրախությամբ փաստեմ, որ մեր երիտասարդ գիտնականներն այս ընթացքում կայացած գիտաժողովներում արժանացել են 1-ին մրցանակի՝ ներկայացնելով գիտության տարբեր ոլորտներին առնչվող զեկույցներ»: Բանախոսը հավելեց, որ ծրագրի շրջանակում պայմանագրեր են կնքվել «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» եւ Գիտության պետական կոմիտեի հետ. «Հիմնադրամը մեզ տրամադրելու է քսան միլիոնի դրամաշնորհ,  իսկ Գիտպետկոմի հետ անց է կացվում ասպիրանտների աջակցության ծրագիր: Կոմիտեն օգնում է անվճար գիտական փորձաքննություն անցկացնելու հարցում, ինչը կարեւոր ձեռքբերում է»:

Մրցանակաբաշխության շուրջ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն ասաց, որ  անվանակարգերը քննարկման փուլում են. «Ներառվելու են գիտության բոլոր ոլորտները: Սահմանվելու են Հայաստանում եւ արտասահմանում գործող հայ գիտնականների անվան մրցանակներ, որպեսզի հանրությունը ճանաչի նրանց»:

Անդրադառնալով երիտասարդ գիտնականների արտահոսքին՝  Գևորգ Վարդանյանն ասաց, որ գիտնականների միջին աշխատավարձը բավարար չէ. «Երիտասարդ գիտնականներն առաջնահերթ սոցիալական խնդիրներ ունեն, բայց ծրագիրը որոշ չափով կմեղմի արտահոսքը: Հաշվի առնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ մեր գիտնականները տարածաշրջանի առաջատարներն են եւ փոքր- ինչ զիջում են Իսրայելին, որը գիտությանը ահռելի գումարներ է հատկացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031