Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. Սարգսյան. «Մարտի 1-ի էջը փակված լինել չի կարող»

Հոկտեմբեր 16,2012 15:35

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը օրեր առաջ հանդես եկան «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ:

Ինչպես Aravot.am-ը տեղեկանում է ԱԺ կայքում տեղադրված որոշման նախագծից, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը իր ուսումնասիրման առարկայով, հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից: Հիմնական տարբերիչ հատկանիշը այն է, որ վերջինս սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, եւ գնահատելու է ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների եւ կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նաև որպես ոչ պակաս կարևոր հանգամանք ներկայացված է այն, որ հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի լիիրավ լիազորությամբ մասնակցելու է մարտի 1-2-ի դեպքերի հիմնական  պահանջատեր քաղաքական ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, ինչը էականորեն կմեծացնի այդ հանձնաժողովի գործունեության եւ դրա արդյունքում կազմված եզրակացության հանդեպ հասարակական վստահությունը:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ զրույցում հետաքրքրվեց, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս հանձնաժողովը իր գործունեությամբ որոշ արդյունքներ կգրանցի, քանի որ ՀԱԿ-ը մշտապես քննադատում էր նախկինում արդեն ստեղծված հանձնաժողովի գործունեությունը, որը քննում էր մարտի 1-ի դեպքերը: Լ. Սարգսյանը պատասխանեց.  «Սա պիտի լինի մի հանձնաժողով, որը պիտի զբաղվի կոնկրետ հարցերով: Մարտի 1-ի էջը փակված լինել չի կարող, քանի դեռ հանցագործները, հրահանգողները, կատարողները պատժված չեն: Հետևաբար այս իշխանությունները թող հույս չունենան, որ երբևիցե իրենք ձերբազատվելու են այդ խնդրին լուծում տալուց: Միշտ հետևողականորեն հետապնդելու ենք այդ հարցը: Այնպես որ, այսպես թե այնպես ստիպված են լինելու և′ բացահայտել, և′ պատժել: Իսկ հանձնաժողովի միջոցով փորձում ենք ստիպել, որ իշխանությունները գործին ընթացք տան և բացահայտեն, իհարկե, իրենք գիտեն, բայց նաև ակնհայտ ժողովրդի համար, թե ովքեր են իրական հանցագործները: Մեր համառությունը արդյունք է  տալու, քանի որ ժողովուրդն արդարության պահանջ ունի, քանի դեռ այդ արդարությունը չի վերականգնվել, մարդիկ սպանության համար չեն պատժվել, այդ հարցը միշտ իշխանությունների գլխին կախված է լինելու»: Տեղեկացնենք, որ օրենսդրական նախաձեռնությունն արդեն շրջանառության մեջ է դրված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031