Եկող տարի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կլինի 6,2 %, իսկ այս տարվա ակնկալիքները բավականին բարձր են լինելու` 7.1% ՀՆԱ-ի աճ: Այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով` գնաճը, ինչպես որ վերջին տարիների համար է լինում` ստանդարտ ցուցանիշ, 2013-ին` 4 % գնաճ, պլյուս-մինուս 0.5%. «Ակնկալիքներն այնպիսին են, որ այս տարի մենք կունենաք բավականին լավ գնաճ, առաջին 8 ամիսների համար մենք կունենանք 2.5% աճ, եւ եթե արդարանան այն կանխատեսումները, որ մենք ունենք արտաքին գնաճային ճնշումների առումով, տարին կավարտենք մոտավորապես 4%-ի գնաճով, այսինքն` թիրախի հենց մեջտեղի ցուցանիշի ապահովումով»:
Գագիկ Մինասյանի ներկայացմամբ, 2013 թվականի ՀՆԱ-ի 6.2% աճն ապահովելու են արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների հաշվին, նաեւ մի փոքր էլ շինարարության: Ըստ պարոն Մինասյանի, գյուղատնտեսության աճը եկող տարի կլինի 4.5%, արդյունաբերությունը` 9.5%, իսկ շինարարությունը` 6.5%: Ընդ որում՝ գյուղատնտեսության աճին կնպաստի, ինչպես պարոն Մինասյանը վստահեցրեց` գյուղական տնտեսությունների սուբսիդավորումը, դիզվառելիքի եւ պարարտանյութերի սուբսիդավորումը, եւ եկող տարվանից շահագործվելու է Վանաձորի քիմիական գործարանը, որը էժան պարարտանյութ կապահովի: Իսկ շինարարության աճը հիմնականում կլինի աղետի գոտում իրականացվող շինաշխատանքների, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման հաշվին: Բացի այս, Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ մյուս տարի բնակարանների պահանջարկ կլինի եւ մասնավոր հատվածն էլ կսկսի բնակարանաշինությունը, ինչը վերջին շրջանում «կանգնել էր»:
Գագիկ Մինասյանի խոսքերով` եկող տարի պետական բյուջեի ցուցանիշները հետեւյալն են սպասվում` եկամտային մասն ավելանալու է 13%-ով, ծախսայինը` 10%. «Եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 31 միլիարդ դրամ, իսկ ծախսային մասը 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ճգնաժամային տարուց հետո այն կրճատում ենք, այս տարվա դեֆիցիտի ցուցանիշը կանխատեսվում է, որ կլինի 2.8%-ի շրջանակներում, իսկ եկող տարի ավելի փոքր` 2.6%»: Պարոն Մինասյանը վստահեցրեց` եկող տարի արտաքին պարտքը սպասարկելու համար 200 միլիոն դոլարից մի քիչ ավելի գումար է հատկացվելու. «Այս տարվա վերջին կանխատեսում ենք, որ արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 միլիարդ դոլար, եկող տարի` 4 միլիարդ, այսինքն` ՀՆԱ-ի նկատմամբ 37 % արտաքին պարտք, սա գնահատվում է որպես միջին ցուցանիշ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ