Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Կրիմինալնի» սերիալի դերասանը պետք է շուկայում նարի՞նջ վաճառի (տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2012 15:14

Ինչպես հայտնել էինք, այսօր դերասան Երվանդ Մանարյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեցին հակահայկական ֆիլմերից:

Անդրադառնալով հեռուստաեթերի «կրիմինալնի» ֆիլմերին եւ սերիալներին՝ ռեժիսորն ասաց. «Կրիմինալ ֆիլմերը նկարահանվում են գլխավորապես Ամերիկայում եւ Ֆրանսիայում, բայց չեն գովազդում կրիմինալը: Մեզանում հակառակն է՝ հաղթում է կրիմինալը: Երեխաները չեն ուզում դառնալ այն ոստիկանը, որը ֆիլմում ինչ- որ հերոսություն է անում եւ կյանք փրկում:  Նրանց համար նախընտրելի է թիկնապահի կերպարը: Վերջերս ֆիլմի նկարահանման համար քասթինգ էինք անցկացնում. մի քանի երիտասարդ հայտ էին ներկայացրել, եւ երբ հարցրեցինք, թե ինչ դեր կցանկանային ստանձնել, ասացին՝ «տելախրանիտելի»:

Արշակ Զաքարյանը փաստեց, որ ռազմահայրենասիրական կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելու պարագայում իրեն  մեղադրում են պաշտպանության նախարարությանը սատարելու մեջ. «Ինձ համար տարբերություն չկա, թե  ով է նախարարը: Ինչքան էլ բանակը թերություններ ունենա, այն մեր բանակն է, որտեղ մեր երեխաներն են ծառայում: Ինչ վատ բան կա նրա մեջ, որ ես ուզում եմ հայրենիքը պաշտպանողի մասին ֆիլմ նկարել: Բոլորը չէ, որ խուսափում են բանակից. շատ են երեխաները, որոնք երազում են մեծանալ եւ հայրենիքը պաշտպանել»:

Ինչ վերաբերում է «կրիմինալ» սերիալներում թատրոնի դերասանների ներգրավվածությանը, Երվանդ Մանարյանի խոսքով. «Իսկ ի՞նչ պետք է անի դերասանը, չխաղա եւ գնա շուկայում նարինջ վաճառի՞: Խնդիրը ոչ այնքան դերասանի մեջ է, այլ դերն առաջարկողի, որն այլընտրանք չի թողնում: Իսկ առաջ «Հայֆիլմը» գրում էր սցենարը եւ ուղարկում Մոսկվա…»:

Դերասանը անդրադարձավ նաեւ թատրոնի խնդիրներին եւ նշեց, որ քսան տարի հետո թատերագետներ չեն լինի. «Այսօր ունենք լավ ռեժիսորներ եւ դերասաններ, բայց թատրոնը չունի առաքելություն, այդ իսկ պատճառով վերածվել է շոուի: Բացի այդ՝ շատ ներկայացումների պրեմիերաներ դրսում են լինում»:

Պարոն Մանարյանը խոսեց նաեւ «Էրեբունի-Երեւան. 2794» տոնակատարությունից եւ դժգոհեց, որ հանդիսության ողջ ներուժը կենտրոնացած էր Երեւանում. «Տպավորություն էր ստեղծվում, թե մենք քաղաք-պետություն ենք, իսկ մեր մնացած քաղաքներն էլ թուրքը եւ վրացին կարող են տանել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031