Ամենամյա հայկական մամուլի օրվա, ինչպես նաեւ «Ազդարար» միջազգային, պատմամշակութային, գիտակրթական հանդեսի հիմնադրման 218-ամյակի կապակցությամբ, «Ազդարարի» համահայկական խմբագրությունը այսօր կազմակերպել էր «Հարություն Շմավոնյան» մրցանակաբաշխություն:
Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը մրցանակաբաշխությունը նվիրական գործ է համարում. «Լրագրողները այս դժվարին օրերին մեծ ու նվիրական գործ են կատարում, կուզենայի, որ նրանք լինեին անաչառ, սկզբունքային : Մրցանակաբաշխությունը առաջին անգամ տեղի ունեցավ Ազգային գրադարանում եւ կրեց ամենամյա բնույթ»:
«Ազդարար» հանդեսի վերահիմնադիր, գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանի խոսքով, ամեն տարի հին լրագրողները նշում են այս օրը.«Այսօր հրավիրված են լրագրությանը նվիրված սրբազան մարդիկ, ցանկանում ենք շնորհավորել եւ հիշել, որպեսզի նրանց անունը մնա հիշատակումների մեջ: Մենք ամեն քայլի կորցնում ենք գաղափար, կորցնում ենք լրագրողի, հայրենիքի ու մտքի անկախությունը, այն լրագրողները, ովքեր կոչումներ կստանան, կամրապնդեն իրենց գաղափարը»:
Կարդացեք նաև
«Ազդարար» հանդեսի խմբագիր Շահանե Առաքելյանը նշեց, որ խմբագրակազմի անաչառ որոշմամբ հանձնվում է «Ազդարար»-ի շնորհագիրը, նաեւ՝ Հարություն քահանա Տեր-Շմավոնյանի կիսանդրին խորհրդանշող պարգեւը.«Շնորհավորում եմ, մաղթում եմ քաջ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, արժանապատիվ ու երանելի վերելքներ, երկար տարիների կյանք ու երազած բարձունքների նվաճումներ: Ձեզանից յուրաքանչյուրը, որպես մամուլի ներկայացուցիչ, իր լուման է ներդրել հայրենանվեր եւ հայապահպան այս դժվարին գործում եւ այն չնկատել ու չգնահատել պարզապես չի կարելի: Չէ որ այս աշխատանքի շնորհիվ է պատմության էջեր կերտվում»:
«Ազդարար» Համահայկական Հանդեսի Մամուլի Օսկար-2012թ. մրցանակին արժանացան.
1. «Օգոստոսի 23» Ազգային դաշինք իրավապաշտպան կազմակերպության պաշտոնաթերթ «Զորավիգի» խմբագիր Պուշկին Սերոբյանը:
Անվանակարգ. Մարդու ոտնահարված իրավունքների համարձակ պաշտպանության համար:
2. Հայաստանի մանկապատանեկան պարբերական «Կանչի» խմբագիր Վարուժան Մնացականյանը:
Անվանակարգ. Հայախոս մանուկների ներդաշնակ հարցերի դաստիարակության համար:
3. Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ)-«Մեր հաղթանակը» հաղորդաշար: Պատ.ղեկավար՝ Հակոբ Հակոբյան (Շահենց)
Անվանակարգ. Մեծ ազատամարտը փայլուն լուսաբանելու եւ մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական ոգին բարձրացնելու համար:
4. «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրող, գրող, հրապարակախոս Վանիկ Սանթրյանին:
Անվանակարգ. Հայ մամուլին՝ կեսդարյա անմնացորդ նվիրվածության համար:
5. Ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարին:
Անվանակարգ. Գեղ. Ֆիլմերի բազմաժանրության եւ յուրօրինակ ոճի համար:
6. ՀՀ ՊՆ-լրատվական ծառայությանը՝ ղեկավար՝ Վ. Ավետիսյան:
Անվանակարգ. Հայրենասիրական, բազմաժանր նախագծերի, «Հայ զինվոր» լրագրի եւ «Զինուժ» հեռուստահաղորդաշարի համար:
7. Արարատի մարզի Մխչյան գյուղի «Դպրոց +» թերթին՝ խմբագիր՝ Գ. Նուրիջանյան:
Անվանակարգ. Տարվա լավագույն աշակերտական թերթ:
8. «Դեբատ» մամուլի ակումբին՝ ղեկավար Գոհար Նուրիջանյան:
Անվանակարգ. Տարվա լավագույն դեբյուտի համար:
9. «Արձագանք» ՖՄ անկախ ռադիոկայանին՝ ղեկավար Արտավազդ Բայաթյան:
Անվանակարգ. 15-ամյա հայապահպան գործունեության եւ արեւմտյան եթերաժամերի համար
10. Ֆոտոլրագրող՝ Գագիկ Շամշյանին:
Անվանակարգ. Դիպուկ եւ բազմաժանր ֆոտոլրագրության համար:
11. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեդիա կենտրոնին:
Անվանակարգ. Մանկապատանեկան եւ մանկավարժական լրատվության դարբնոց:
12. «Անկախություն» լրագրին՝ հիմնադիր Պարույր Հայրիկյան
Անվանակարգ. Հայրենիքի անկախության պայքարի գաղափարախոսության հիմնադրման համար:
13. ա/ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությանը:
Անվանակարգ. Տարվա հեռանկար:
բ/ Տնտեսագետ-վերլուծաբան Գագիկ Մակարյանին:
Անվանակարգ. Տարվա գործարար մարդ:
14. Գավառի պետական համալսարանի լրատվական կենտրոնին՝ ղեկավար Պապին Մանուկյան:
Անվանակարգ. Տարվա ուսանողական մամուլ:
Անժելա Շահումյան