Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. «Ֆինանսական խնդիրներն անդրադառնում են լրատվամիջոցների անկախության վրա»

Հոկտեմբեր 16,2012 15:07

«Այսօր մամուլի վիճակը կարելի է մի քանի մասի բաժանել, առաջինը՝ ֆինանսական խնդիրներն են, որոնք անդրադառնում են լրատվամիջոցների անկախության, նյութերի որակի եւ ընդհանրապես հասարակությանը իրազեկելու վրա: Տարիներ շարունակ տպագիր թերթի գինը մնում է 100 դրամ, ոչինչ չի փոխվում, այն դեպքում, երբ շրջապատում ամեն ինչ փոխվում է, գների թանկացում է լինում, ծառայություններն են թանկանում եւ այլն, իսկ այդ 100 դրամը չի արդարացնում իրեն եւ չի արտահայտում մեր իրականության մեջ եղած վիճակը: Այստեղից էլ ծագում է այն խնդիրը, որ տարիներ շարունակ լրագրողների աշխատավարձը չի բարձրանում եւ երկրում ամենացածր աշխատավարձերից մեկն է համարվում»- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը, ըստ որի, իր նշած պայմաններում պահանջել լրագրողից, որ նա որակյալ նյութեր գրի, ամբողջ օրը վազի, 14-15 ժամ աշխատի՝ ստանալով 100 հազար դրամ, աբսուրդ է: Հաջորդ խնդիրը, որին լրատվամիջոցներն առնչվում են  ամեն օր, Օհանյանի փոխանցմամբ, դա  հասարակության մեջ, երկրում, լրատվական մշակույթի բացակայությունն է. «Ամեն օր հանդիպում ենք խոչընդոտների, ստի, ապակողմնորոշելու տեսքով. դա անում են հատկապես մամուլի խոսնակները, նրանք, որոնց դերը կարծես թե լրագրողին օգնելն է, սակայն հակառակն են անում: Տեղեկատվության ազատության առումով էլ խնդիր կա, եւ որոշ կառույցների, իրենց պարտականությունների չկատարման հետ կապված նույնպես»,-նշեց Օհանյանը շարունակելով, որ  այսօր լրագրողները հերոսական աշխատանք են անում եւ այս հասարակության մեջ, եթե կա մի կայացած օղակ՝ դա մամուլն է, ազատ խոսքը, որին ոլորտի աշխատակիցները  հասել են իրենց տքնանքի, տառապանքի, ծեծի, ֆինանսական դժվարությունների, դատերի գնով:

Օհանյանը չհամաձայնվեց այն տեսակետին, որ տպագիր մամուլը կամաց-կամաց մեռնում է.«Ժամանակին նույնը ասում էին նաեւ ռադիոյի մասին: Բայց ես համարում եմ, որ տպագիր մամուլը մնայուն արժեք է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031