Մարդասիրական օգնութան նպատակով երեկ Հայաստանից Սիրիա մեկնած ինքնաթիռը պլանավորված երթուղիով աշխատել է: «Երկարատեւ բանակցություններ են եղել Սիրիայի եւ միջանկյալ երկրների իշխանությունների հետ: Թուրքիայի կողմից մի շարք առաջարկություններ են եղել, ժամանակավորապես վայրէջքի ու բեռի զննման մասին, ինչը չմերժեցինք: Ոչ մի շեղում չի կատարվել, վայրէջքը եւս եղել է պլանավորված: Մեր ինքնաթիռը գնացել է Հալեպ , այնտեղ բեռնաթափվել ու վերադարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա սպեկուլյացիոն եւ սադրիչ համարեց վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարությունները, թե մեր ինքաթիռը Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից հարկադրված է վայրէջք կատարել : Թե ինչու թռիչքի մասին նախապես չէին հայտարարել կամ ժամանակին հերքել արտասահմանյան լրատվամիջոցների տարածած սխալ տեղեկությունները, պարոն Հովհաննիսյանը բացատրեց. «Թռիչքի նախորդող երեկոյան թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ իրենց տարածքով ցանկացած թռիչք Սիրիա այլեւս արգելում են, եթե մենք այդ պայմաններում սկսեինք հայտարարություններ անել, կբերեր նրան, որ Թուրքիան իր արգելքը կտարածեր նաեւ մեզ վրա: Ձեւացրեցինք, որ մենք ոչնչից տեղյակ չենք»:
Ասուլիսին ներկա ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն էլ ասաց, որ մարդասիրական օգնության նպատակով ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարում մոտ 30 միլիոն դրամ հանգանակություն են ունեցել , իսկ ապրանքային նվիրատվությունը անցել է 50 միլիոն դրամը. «Կարողացանք կուտակել Մոտ 40 տոննա պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության դեղորայք, մեր հաշվեհամարին կուտակվել է մոտ 30 միլիոն դրամ »:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ