«Հաշմանդամ մարդու ամենակարեւոր խնդիրներից է հասարակությանը ինտեգրվելը: Այսօր հաշմանդամ երեխաները չեն կարողանում խաղալ խաղահրապարակներում, չեն կարողանում մասնակցել մշակութային կյանքին, մեկուսացած են եւ ամենացավալին այն է, որ հասարակությունը քայլեր չի ձեռնարկում այդ երեխաներին ինտեգրելու իր մեջ: Ի վերջո նրանք պետք է հասկանան, որ հաշմանդամները նույն մարդիկ են»,-Aravot.am-ի հետ զրույցում
ասաց հաշմանդամություն ունեցող Արման Գրիգորյանը:
Արմանն անչափահաս է եւ իր կյանքի ընթացքում գրեթե ամեն օր բախվում է խնդիրների` իրավունքների ոտնահարումից սկսած՝ մինչեւ շրջապատի բացասական վերաբերմունքը, Արմանի համար սովորական երեւույթներ են: Սակայն հաշմանդամ այս երեխան իր մեջ ուժ է գտնում պայքարելու եւ կոչ է անում որպեսզի հասարակությունը մտերմանա հաշմանդամների հետ. «Յուրաքանչյուր հաշմանդամ մարդ իրավունք ունի մասնակցելու միջոցառումներին, կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու»:
Կարդացեք նաև
Այսօր մի խումբ հաշմանդամ երեխաներ, իրենց ծնողների հետ «Մարիոթ» հյուրանոցում մասնակցեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեց ՄԱԿ-ի կողմից կատարված լայնածավալ հետազոտություն: Կրթական ծրագրերի ղեկավար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մերի Պողոսյանի խոսքերով,
հետազոտությունն իրականացրել են պարզելու համար, թե հաշմանդամություն ունեցող երեխաները որքանով են օգտվում իրենց հասանելիք կրթական, առողջապահական, սոցիալական ծառայություններից, ինչքանով են մասնակցում հասարակական կյանքին եւ ինչ խոչընդոտներ ունեն ծառայություններից օգտվելիս: Նշենք, որ հետազոտությունից դուրս են մնացել այն հաշմանդամ երեխաները, որոնք կարգավիճակ չունեն: Մեր հարցին, թե 2010-ից մեր երկիրը հաշմանդամ մարդկանց մասով ՄԱԿ-ի կոնվենցիաներ է վավերացրել, արդյոք պատշաճ կատարում ենք մեր առջեւ դրված պարտավորությունները, Մերի Պողոսյանն ասաց. «Հայաստանն, իհարկե, որոշ քայլեր ձեռնարկել է եւ որոշ առաջընթաց կա թե’ առողջապահական, եւ թե’ հատկապես ներառական կրթության զարգացման առումով, սակայն մենք դեռ չենք անում այն, ինչ կարող ենք անել, հենց միայն այն, որ այսօր հաշմանդամ 5 երեխաներից մեկը դպրոց չի հաճախում, այսինքն` չի օգտվում իր հիմնական իրավունքից, դա արդեն իրավունքի կոպիտ ոտնահարում է: Մանկատանը ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 72 %-ը չի գնում դպրոց, որը, կարելի է ասել, ողբերգություն է, որովհետեւ երեխան դուրս է մնում կրթական համակարգից: Երեխան չի ստանում այն, ինչ իրեն հասանելի է: Կրթությունը միայն կրթության բովանդակությունը չէ, խնդիրն այն չէ՝ երեխան ֆիզիկա սովորեց, թե ոչ, կրթության նպատակը երեխայի ներուժի սոցիալական, կրթական, էմոցիոնալ ներուժի բացահայտումն է, ինչը հնարավոր է միայն ընդհանուր հասարակության մեջ, սովորական դպրոցում: Այդ կրթությունը պիտի լինի բոլոր երեխաների հետ միասին, իր հասակակիցների հետ միասին, որպեսզի հասարակությունը սովորի ինտեգրել հաշմանդամին, իր ընկերների շրջանում տեսնել հաշմանդամին, դրանով մենք կարող ենք ավելի բաց, ազատ ու գթասիրտ հասարակություն ունենալ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առաջնահերթ նպատակն է, որպեսզի բոլոր երեխաները գնան հանրակրթական դպրոցներ, չառանձնացվեն իրենց հասակակիցներից: Երեխան առանձնանում է ընտանիքից, հասարակությունից, երեխայի ցանցը նեղանում է մենք պետք է լայնացնենք այն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ