Շախմատի Հայաստանի հավաքականի խաղացող Վլադիմիր Հակոբյանը «Վեստիկ Կավկազա» լրատվականին հարցազրույց է տվել: Հարցին, թե արդյոք նա «կշտացել» է շախմատից, Հակոբյանը պատասխանել է.«Չեմ կարող ասել, որ ես շախմատին այնպես եմ կապված, ինչպես Կորչնոյը, որը մինչև 80 տարեկան խաղացել է: Ես ամեն պահի կարող եմ թողնել շախմատն ու զբաղվել այլ գործով: Հենց զգամ, որ շախմատն այլևս հաճույք չի պատճառում, միանգամից կթողնեմ խաղալը: Ի՞նչ կանեմ հետո: Ես կարող եմ մարզիչ լինել, ես արդեն շատ լավ աշակերտներ ունեմ: Գուցե շախմատից դուրս այլ բան էլ անեմ»:
Նա նաև նշել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շախմատի զարգացման համար շատ բան է անում. «Օրինակ, հավաքականի անդամներն ու գրոսմաստերները հատուկ վճար են ստանում: Մեր հավաքականի հաջողությունները նյութական առումով բարձր են գնահատվում: Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհին, ապա պետք է լինել առնվազն 20 լավագույններից մեկը, որպեսզի հնարավոր լինի ապրել առանց շախմատից շեղվելու», – ասել է Հակոբյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև