ՀՀԿ խոսնակ եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քանիցս հրապարակային պնդումներ է արել այն մասին, որ Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է եւ բոլոր այն անձինք, ովքեր կմտնեն նախագահական ընտրապայքար, կպայքարեն երկրորդ տեղի համար: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին խնդրեց մեկնաբանել Շարմազանովի սույն համոզմունքը: «Շարմազանովը դա ասում է ելնելով այն նկատառումից, որ իրենք 500 կամ 700 հազար ձայն արդեն ունեն իրենց գրպանում դրած: Նա գիտե ինչ կեղծիքների հեղինակ են իրենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ նման հայտարարությունները խոսում են հենց այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Ըստ բանախոսի, ժողովրդավարական եւ որեւէ երկրում նման կարծիքներ չեն հնչի, քանի որ իրավիճակի փոփոխություններ ամեն րոպե են հնարավոր: Սա ասելով, ըստ Զուրաբյանի, Շարմազանովն ուղիղ ասում է. «Մենք ավտորիտար պետություն ենք, ոչ մի ուժի հաղթելու շանս չենք տալու: Սա ինքնախոստովանություն է ընտրակեղծարար լինելու մասին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ