Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեժիսորը՝ Թուրքիայի «շների» եւ վրացական սահմանին մնացած զուգարանի մասին

Հոկտեմբեր 16,2012 14:29

Այսօր «Ելակետ» ակումբում դերասան Երվանդ Մանարյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեցին «Հակահայկական ֆիլմերի միտումները» թեմայով: Արշակ Զաքարյանի փոխանցմամբ` խոսքը հայերի կողմից նկարահանված այն հակահայկական ֆիլմերի մասին է, որոնք ստեղծվում են դրսում մրցանակ ստանալու նպատակով. «Չի կարելի Պողոսի կամ Պետրոսի մասին վատ ֆիլմ նկարահանել եւ այդ կերպարների միջոցով ցույց տալ, թե Հայաստանն է այդպիսին: Մտածում են հայերին քննադատող ինչ-որ բան նկարել, որ ուշադրության արժանանան: Մեր մշակույթի ներկայացուցիչները ոչ թե աստղեր են, այլ ասուպներ, որովհետեւ կայծ են տալիս, հանգչում, հետո էլ մտածում, թե ինչ կարելի է անել իրենց անունը բարձրացնելու համար: Մարող աստղերն ասում են, որ Ավարայրի ճակատամարտ չի եղել, վաղը մյուս օրն էլ կասեն, թե Սասունցի Դավիթը չի եղել, իսկ Հայկն էլ՝ Բելին չի խփել: Վերջերս կարդացի Վահրամ Սահակյանի այն խոսքը, թե՝ «Տիգրան Մեծն ինչ հետույքով է գնացել հողեր գրավելու», բայց չի կարելի նման բան ասել. ադրբեջանական եւ թուրքական մամուլը դա կօգտագործի մեր դեմ»:

Ռեժիսորն անդրադարձավ «Շների կղզին», «Մարգար պապը» եւ մի շարք այլ ֆիլմերին եւ ասաց, որ միայն ինքը չէ, որ քննադատում է դրանց բովանդակությունը. «Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» «Ոսկե արմավենի» մրցանակի է արժանացել: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1912թ-ին, երբ Պոլսի քաղաքապետը Թալեաթ փաշան էր: Հայերին խորհրդանշող շներին թողնում են կղզում, վերջիններս էլ «ուտում» են իրար: Բայց չպետք է Թուրքիայի հայերին որպես շուն ներկայացնել: Ֆիլմում պատմաբաններից մեկն ասում է, թե Ալլահի ստեղծածը չեն սպանում, ու ստացվում է այնպես, որ բոլորը Ալլահի ստեղծածն են, բացի հայերից: Իսկ մյուս պատմաբանն ասում է, թե շների հետ վարվեցին ինչպես գերմանացիներն էին վարվել հրեաների հետ: Այդպիսով, մեր Ցեղասպանությունը արանքից դուրս է գալիս»:

«Մարգար պապը» ֆիլմի վերաբերյալ Զաքարյանը տեղեկացրեց, որ  հերոսի զուգարանը մնացել է վրացական սահմանին, սեփականատերն էլ չի ցանկանում զիջել այն. «Ֆիլմի խեղկատակ գյուղապետի եւ նրա օգնականի կերպարներից տպավորություն է ստեղծվում, թե հայերը զավթողական են: Վաղը չէ մյուս օրը վրացիները կասեն՝ Ջավախքից գնացեք»:

Երվանդ Մանարյանի համոզմամբ՝ նման ֆիլմերի հեղինակները պետք է արժանի հակահարված ստանան. «Հիմա անշնորհք մարդկանց պակաս չկա, նրանց դեմ դժվար է պայքարել: Հակառակվելու դեպքում քեզ նացիոնալիստ են անվանում: Դա առանձնակի խնդիր չէ, բայց այլ է իրավիճակը, երբ ազգային արժեքները փնովողներին չեն պատասխանում: Պայքարի ինչ-ինչ փորձերը էֆեկտիվ չեն, որովհետեւ գիտակցաբար արած վատ գործն աստիճանաբար դառնում է համոզմունք: Այդպիսի ֆիլմեր նկարողներն ուտելու այդ ճանապարհն են  ընտրել, բայց կարելի է նաեւ լավ բաներ ցույց տալ: Մեզանում ժողովրդական ասացվածքի պես՝ ջրի հետ երեխային էլ ենք դուրս հանել»:

Վարպետի խոսքով՝ անհրաժեշտ է ֆիլմեր նկարել սահմանամերձ գյուղերի բնակիչների եւ կենցաղի մասին. «Նրանք են պահում մեր հողերը, մինչդեռ մենք չգիտենք այդ մարդկանց մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031