Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Փաթեթում ընդգրկված են 22 առաջարկներ, որոնցից մեկը պարոն Զուրաբյանի որակմամբ՝ հեղափոխական է եւ նախատեսված է ընտրական կարուսելը բացառելու համար: Ըստ այդմ ՀԱԿ-ը առաջարկում է, որպեսզի քվեաթերթիկները չունենան հաշվառման կարգավիճակ՝ համարակալված կամ որեւէ հղումով չլինեն: Փոխարենը նման կարգավիճակ է տրվում ծրարին, որում պետք է պատսպարվի քվեաթերթիկը: Այսպիսով, ընտրողը ներկայացնելով անձնագիրը, ստանում է ոչ թե քվեաթերթիկ, այլ ծրար, որի մեջ այնուհետեւ տեղադրում է քվեախցում գտնվող քվեաթերթիկը, որտեղ ինքը կարող է նշում կատարել ըստ իր հայեցողության: ՀԱԿ-ում համոզված են, որ այս մեխանիզմի կիրառումը ընտրողի քվեարկությունը վերահսկելու որեւէ տարբերակ բացառում է: ՀԱԿ-ի ներկայացրած տեղեկանքով առաջարկվում է նաեւ վերացնել Ազգային ժողովի ձեւավորման մեծամասնական ընտրակարգը եւ ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, տեսանկարահանել քվեարկության օրվա ողջ գործընթացը (նման համաձայնություն եղավ նաեւ խորհրդարանական ընտրություններից առաջ, ստեղծված ընտրությունների վերահսկման միասնական շտաբում), տարանջատել բնակչության եւ ընտրողների ռեգիստրները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայողներին ընդգրկել ոչ թե զինվորական մասերում կազմվող, այլ ըստ նրանց մշտական բնակության վայրի կազմվող ընտրացուցակներում եւ այլն:
ՀԱԿ-ը պատրաստվում է այդ փոփոխությունները իրականություն դարձնելու նպատակով քաղաքական խորհրդակցությունների շարք սկսել խորհրդարանական կուսակցությունների հետ, այդ թվում՝ նաեւ բացարձակ մեծամասնություն կազմող Հանրապետականի: Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, եթե իշխանությունը անկեղծ ցանկություն ունի ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ իր վրայից դեն նետելու իշխանությունը զավթածի պիտակը, ապա պետք է շահագրգիռ լինի առաջարկվող փոփոխությունների համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև