Օրերս Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը՝ Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ եւ փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ Օտոմանի գրավումը»:
Վեպի ռուսերեն հրատարակության առթիվ, հավանաբար, տեղին է հիշել, որ խորհրդային տարիներին հայ հեղինակներից առնվազն 10-12 գիրք էր տպագրվում Մոսկվայում: Պատկերն այսօր կտրուկ փոխվել է: Մոսկվան, առաջվա պես, այլեւս պարտավորված չէ թարգմանել եւ ներկայացնել անկախացած հանրապետությունների հեղինակներին: Այսօր որոշողը շուկան է կամ գործի գեղարվեստական մակարդակը:
2008թ. Երեւանում տպագրվելուց հետո, վեց ամիս անց, 2009թ. վեպը, դասական ուղղագրությամբ, Բեյրութում լույս ընծայեց «Արծիվ» հրատարակչությունը, իսկ 2010թ. թերթոնով, ամբողջությամբ, տպագրեց ՀՅԴ օրգան «Երկիր» օրաթերթը: Երեւույթ, որ հավանաբար հազվագյուտ է, քանի որ լրագրերը գեղարվեստական երկերը թերթոնով սովորաբար ներկայացնում են գրքով հրատարակվելուց առաջ, մինչդեռ այս անգամ թերթը հաջորդեց գրքին:
Կարդացեք նաև
Գուցե տեղին է հիշել, որ Ալ. Թոփչյանի նախորդ վեպերը նույնպես լույս տեսան պարբերական մամուլում եւ առանձին գրքով: «Կիրկե կղզի»-ն 1996թ. գրքով տպագրվելուց առաջ 1995թ. միաժամանակ եւ ամբողջությամբ ներկայացրեցին «Գարուն»-ը եւ Բեյրութի «Շիրակ»-ը, իսկ «Եվ անգամ մահից հետո»-ն առանձին գրքով ընթերցող հանրությանը մատուցվելուց առաջ տեղ գտավ «Նոր Դար» հանդեսի էջերին: «Բանկ Օտոման»-ի վերոնշյալ ռուսերեն թարգմանությունն էլ նախ եւ առաջ ամբողջությամբ տպագրվեց «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում: Նախկինում սովորական այս լավ ավանդույթն այսօր, ցավոք, գնալով դառնում է ավելի ու ավելի հազվադեպ:
Ինչ վերաբերում է օտար ընթերցողներին ներկայացվելուն, ապա 2010թ. «Բանկ Օտոման»-ը թարգմանվեց ռումիներեն եւ տպագրվեց Բուխարեստում, 2011թ.՝ ֆրանսերեն, Փարիզում, 2012թ. ռուսերեն՝ Մոսկվայում:
«Առավոտ» օրաթերթ