Կամ բռնության ենթարկվածների, այսինքն՝ կրթությունից դուրս մնացածների մասին
1999թ. սեպտեմբերին ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը ծնողին իրավունք էր տալիս ընտրելու դպրոցը, եւ հաշմանդամ երեխաների ծնողները հնարավորություն ստացան իրենց երեխայի համար ընտրելու հատո՞ւկ, թե՞ հանրակրթական դպրոց: Այդ երեխաների ներկայությամբ մանկավարժներս սկսեցինք այլ տեսանկյունից նայել սովորողների հնարավորություններին, ավելի հաճախ սկսեցինք հարց տալ. «ի՞նչ է նշանակում սովորել», սկսեցինք ցանկացած երեխայի կրթություն ստանալու իրավունքի տեսակետից նայել նրանց կարողություններին ու հմտություններին, խորացանք այս խնդիրների մեջ եւ հասկացանք, որ չսովորող երեխա չկա, ուղղակի մինչ այդ «սովորել» ասելով մենք նախ հասկանում էինք միայն պետական չափորոշիչով սահմանված գիտելիքների ամբողջություն, որը միայն կարող է դրական գնահատվել, սակայն որը բոլորովին պարտադիր չէ մտավոր լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար եւ երկրորդ` մենք ինքներս լիարժեք չէինք տիրապետում մանկավարժությանն արդեն հայտնի այն մեթոդներին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքը գնահատելու եւ բավարարելու համար: Այսինքն՝ մեր մանկավարժությունը երեխայակենտրոն չէր: Նշեմ, որ ներառական կրթություն կազմակերպելու 8-ամյա իմ փորձը ինձ բերեց այն համոզման, որ այդ կրթությունը ճիշտ կազմակերպելու դեպքում բարձրանում է դպրոցի բոլոր երեխաների առաջադիմությունը, քանի որ կրթությունը կազմակերպվում է նրանցից յուրաքանչյուրի կրթական կարիքին համապատասխան ու նրանք սկսում են հաճույքով սովորել իրենց հասկանալի ու հասանելի ա՛յդ գիտելիքը եւ արդյունքը ոգեւորում է նրանց: Ասեմ, որ ներառական կրթության մեջ ընդգրկված, հատկապես մտավոր լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար, սովորել նշանակում է առավելագույնս սոցիալիզացվել հասարակությանը, նշանակում է ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն իրենց դառնալ հասարակության անդամ, կօգնեն շփվել իրենց հասակակիցների հետ, որը երկուստեք չափազանց օգտակար հմտություն է՝ հասարակության մեջ հանդուրժողականության առավել բարձր աստիճան ունենալու տեսանկյունից:
Ներառական կրթության գաղափարախոսության ներդրման շնորհիվ մեր հասարակության մեջ սկսեցինք բարձրաձայն խոսել այն մասին, որ ոչ միայն հաշմանդամ, այլեւ բոլոր այն երեխաները, ովքեր տարբեր պատճառներով դպրոց չեն հաճախում եւ զրկված են կրթության սահմանադրական իրենց իրավունքից, փաստորեն, ենթարկվում են բռնության, որովհետեւ բռնությունը միայն ֆիզիկական առումով չի կարելի ընկալել: Դա իսկապես բռնություն է, որովհետեւ նախ երեխային կրթության իրավունքից զրկելը որեւէ ընդունելի պատճառ չի կարող ունենալ, երկրորդ` կրթությունից դուրս մնացած երեխան, չունենալով հասարակության մեջ սոցիալիզացվելու հմտություններ ու տարրական գիտելիքներ իր ու իրեն շրջապատող աշխարհի մասին, շատ հեշտությամբ իսկապես կարող է ենթարկվել ցանկացած տիպի բռնության: Ես իմ փորձից ունեմ մի տպավորիչ օրինակ: Երբ 2001թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Հույսի կամուրջ»-ի եւ ՀՀ կրթության նախարարության եռակողմ պայմանագրի համաձայն Երեւանի թիվ 27 դպրոցը հայտարարվեց ներառական ու մենք սկսեցինք մեր համայնքի հաշմանդամ երեխաների ծնողների հետ աշխատել, հանդիպեցի մի մամայի, ով կատեգորիկ չէր համաձայնվում երեխային դպրոց բերել: Երկար համոզեցինք, վերջապես ծնողները երեխային բերեցին դպրոց: Մեկ տարի հետո՝ 2003-ին, երբ CNN-ը ռեպորտաժ էր պատրաստում Հայաստանում ներառական կրթության մասին, այդ նույն ծնողն ի լուր աշխարհի հայտարարեց, որ նախքան տղային դպրոց բերելն ինքն ամաչում էր իր երեխայի հաշմանդամությունից, իսկ հիմա շատ զղջում է դրա համար, որովհետեւ իր տղան էլ մյուս երեխաների նման գալիս է դպրոց եւ սովորում է: Մամայից առավել ով է սիրում իր երեխային, բայց այդ ծնողը, փաստորեն, փակելով նրան տանը`ակամա բռնության կենթարկեր իր տղային: Իսկ դեռեւս որքան երեխաներ կան, ովքեր ծնողների անիրազեկության, կրթության կազմակերպիչների անգործության պատճառով զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքից, այսինքն՝ այդ առումով ենթարկվում են բռնության: Հայաստանում մոտավորապես 8000 հաշմանդամ երեխա կա, որոնց մի մասն այսօր էլ կրթություն չի ստանում տարբեր պատճառներով:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կարդացեք նաև
կրթության փորձագետ
«Առավոտ» օրաթերթ