Երկրորդ ռուս-հայկական «Ռուսաստան եւ Հայաստան. միջտարածաշրջանային երկխոսություն- 2012» ֆորումի շրջանակներում Երեւանում է գտնվում երաժիշտների ներկայացուցչական պատվիրակություն՝ ՌԴ «Սոդրուժեստվո» պետական համերգային ընկերության բեմադրող ռեժիսոր Օլգա Տկաչենկոյի ղեկավարությամբ: Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ռուս արվեստագետները Ազգային օպերային թատրոնի նվագախմբի հետ, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացան վոկալ եւ գործիքային երաժշտության ընտիր նմուշներով:
«Առավոտը» համերգից առաջ զրուցեց երաժիշտներից ոմանց հետ եւ խնդրեց Օլգա Տկաչենկոյին՝ հակիրճ ներկայացնել երաժիշտներին: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը դեռեւս 1981թ.-ից որպես ռեժիսոր աշխատել է «Ռոսգոսկոնցերտում», որի իրավահաջորդն է «Սոդրուժեստվոն», ապա հավելեց. «Խորհրդային տարիներին շփումն ավելի մեծ էր, ինչը հնարավորություն էր տալիս մոտիկից ճանաչելու ԽՍՀՄ երկրների արվեստագետներին: Օրինակ, հիանալի գիտեինք Սվետլանա Նավասարդյանին, Գեղամ Գրիգորյանին, Բարսեղ Թումանյանին… Էլ չթվարկեմ Գոհար Գասպարյանի եւ հայ մեծանուն այլ արվեստագետների անունները: Սակայն վերջին շրջանում կարծես վերականգնվում են հին կապերը, ակտիվանում փոխայցելությունները: Այս անգամ պատվիրակության կազմում ընդգրկել ենք հիմնականում հայաստանցի հանդիսատեսին ոչ ծանոթ անուններ: Երիտասարդ օպերային երգչուհի, սոպրանո Դարյա Կովալենկոն թեեւ դեռեւս Գալինա Վիշնեւսկայայի օպերային երգեցողության կենտրոնի ստաժոր է, սակայն մի քանի միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է: Անցյալ տարի Իտալիայի «Տեատրո Ինդուստրի» թատրոնում դիրիժոր Ֆաբիո Մաեստրիի ղեկավարությամբ հանդես է եկել Պուչինիի «Ջաննի Սկիկկի» օպերայում՝ կատարելով Լաուրետտայի դերերգը: Ջութակահար Սերգեյ Պոսպելովը Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ուսանող է, դարձյալ միջազգային մրցույթների դափնեկիր: Այս երիտասարդի ընդունակություններն ու նպատակասլացությունը քննադատներին թույլ են տալիս նրան լրջորեն համարել հեռանկարային: Միայն մի փաստ. ջութակահարի նվագացանկը ընդգրկում է 16-րդ դարից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների երկեր»: Ջութակահար Վլադիմիր Օվչիննիկովին ներկայացնելու հարկ չկա. նա 2006թ. գերմանացի դիրիժոր Պիեր-Դոմինիկ Պոնելի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ Երեւանում հնչեցրել է Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Բեմական, ինչպես նաեւ մանկավարժական բուռն գործողությամբ զբաղվող երաժիշտը, որ դասավանդել է Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, ասաց, որ արդեն դասախոսական գործունեություն է ծավալել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում եւ Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր է: Օվչիննիկովը հիշելով Երեւանում կայացած համերգը՝ հայտնեց, որ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի պարտիտուրը Հայաստանում է ձեռք բերել. «Պատկերացնո՞ւմ եք, այնպիսի պահանջարկ ունի ձեր կոմպոզիտորի ստեղծագործությունը, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մի շարք երկրներում խնդրանքս՝ արտատպել այն, մերժել են… Շուրջ 5 տարվա դադարից հետո անհամբեր սպասում եմ հանդիպմանը խստապահանջ հայ հանդիսատեսի հետ»:
Սերգեյ Պոսպելովը մեր հարցին, թե այսօր տարբեր կազմերի անսամբլներում համագործակցո՞ւմ է Չայկովսկու անվան կոնսերվատորիայի հայ ուսանողների հետ, պատասխանեց. «Մոսկվայում թնդում են հատկապես հայազգի ջութակահարների եւ կլարնետահարների անունները, օրինակ՝ մեծ հարգանք ու պահանջարկ են վայելում մասնավորապես կլարնետահար Արթուր Նազիուլին, ջութակահար Հայկ Գազազյանը… Միայն զարմանք է հարուցում այն, որ ձեր կոնսերվատորիան ունի հիանալի ավանդույթներ, բայց ես չեմ կարող բարձրաձայնել հայաստանցի ոչ մի դաշնակահարի անուն: Գուցե նրանք արեւմտյան բուհերում են… Հայ երաժիշտների հետ հանդես եմ եկել Առնո Բաբաջանյանի Դաշնամուրային տրիոյի կատարումով եւ առաջին անգամ Հայաստանում պետք է ներկայանամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի մեկնաբանմամբ»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է 2012-2015թթ. համագործակցության ծրագիր: