Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ

Հոկտեմբեր 16,2012 13:28

Սփյուռքում եւ Հայաստանում ճանաչված ազգային գործիչ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանին:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը քարոզչական մեծ աշխատանք է տանում, որպեսզի հայրենիքի վերանկախացումից ի վեր երկրի պետականակերտման գործընթացներից դուրս մնացած սփյուռքահայությունը իրավունք ստանա տիրոջ իրավունքով, ակտիվորեն մասնակցել սեփական երկրի ճակատագրի կերտմանը:

Մեզ՝ հայաստանցիներիս, շատ է անհասկանալի, թե ինչպես կարողացաք ներել առաջին նախագահի՝ ձեզ ուղղված «նարինջ ուտողներ» ծանր վիրավորանքը, եւ դրանից հետո, հաջորդ երկու նախագահների նույն կեցվածքը՝ միլիոնավոր սփյուռքահայերի հանդեպ:

Մենք հասկանում ենք, որ ցեղասպանություններից ստեղծված աշխարհասփյուռ հայության թիվ մեկ խնդիրը ոճրագործ թուրքին Մեծ եղեռնը ճանաչել տալն է՝ մեր կորուստների փոխհատուցմամբ: Հայրենիքում ապրող հայությունը նույնպես խիստ մտահոգված է այդ խնդրով։ Սակայն ասացե՛ք, խնդրեմ, ինչո՞ւ է Սփյուռքը լռում, երբ վերանկախացած պատմական Հայրենիքի այս փոքրիկ բեկորի վրա այսօր կրկին տեղի է ունենում նոր ցեղասպանություն՝ երկիրը արնաքամ է լինում բռնակալների լծի տակ, արտագաղթը նոր թափ է առել, մարդիկ ընտանիքներով փախչում են Սիբիր: Այնտեղ, ուր դահիճ Ստալինը նախկինում մարդկանց աքսորում էր ապրանքատար վագոններով: Արդ, ո՞ւր է Սփյուռքը, ինչո՞ւ է լռում, մինչեւ երբ պետք է ձեր մեղավոր լռության ներքո դատարկվի համայն հայության միակ Հայրենիքը: Մի՞թե դուք խտրականություն եք դնում Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների միջեւ: Հասկացե՛ք վերջապես, հայրենաբնակ հայը իր ուժերի սահմաններում անո՛ւմ է անհնարինը, բայց ստեղծված իրավիճակում այլեւս դիմադրել չի կարող…

Եվ բռնապետության ճիրաններում գերված Հայրենիքի միակ հույսը դուք եք՝ ազատ աշխարհում սփռված հզոր պոտենցիալ ունեցող հայկական Սփյուռքը: Էլ ե՞րբ պետք է ձեր երկրին օգնեք, եթե ոչ այսօր: Որքա՞ն կարելի է սեփական Հայրենիքում խաչի հանված ժողովրդի վիճակն անտեսել, կրավորական կեցվածքով, լռելյայն ու սահուն անցնել «հայրենի իշխանությունների» հայատյաց գործողությունների կողքով: Մի՞թե Հայաստանը միայն այդ հողի վրա ապրողների հայրենիքն է:

Հարգարժան պրն Սասունյան, սրանք ցավալի հարցեր են, որոնք գնալով կուտակվում են հատկապես հիմա, հայաստանյան նոր սերնդի մոտ, եւ որոնց լուծումները մենք միայնակ չենք կարող գտնել։ Սփյուռքը պիտի ձեռք մեկնի կործանվող երկիրը փրկելու համար։ Մի՞թե կա մեկը, որ չի տեսնում օր օրի ահագնացող այդ կործանման իրական սպառնալիքները։

Ուստի եւ, դիմում ենք Ձեզ, Սփյուռքում ու Հայրենիքում խիստ հարգելի, հեղինակավոր ազգային գործչին եւ խմբագրին: Խնդրում ենք սույն նամակը հրապարակել Ձեր թերթում, ակնկալելով Ձեր պատասխանը նույնպես, որով հնարավոր է սկիզբ դրվի Հայրենիք-Սփյուռք իրական, քաղաքական, տնտեսական ու իրավական փոխշահավետ գործակցությանը։ Հայաստանն այլեւս չի ուզում ձեռքն աշխարհին պարզած մուրացկանի կարգավիճակում ապրել։ Հայաստանը իր եղբայրների գաղափարական, քաղաքական առողջ ուժերի կարիքն ունի՝ մեր միակ, իրական Հայրենիքի վտանգված ապագան փրկելու համար։ Ինչն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է մահացող մեր Հայրենիքին։ Եվ, ինչու չէ, հե՛նց Սփյուռքին՝ թիկունքում ամուր ու պետության հզոր ներկայություն ապահովելու համար։

«Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031