«Որդիս օր օրի մոմի նման հալչում է». դարպասեցի կինը հույս է հայտնում, որ մարդիկ նոր կյանքի հնարավորություն կընձեռեն իր հիվանդ որդուն:
Դարպասեցի Թամարա Թորոսյանը արդեն 5 տարի է՝ չի կարողանում արյան քաղցկեղով հիվանդ որդուն լիարժեք բուժմամբ ապահովել:
Այն բանից հետո, երբ որդին՝ 24-ամյա Սուրեն Ասլամազյանը, ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ժամանակ ձեռք բերեց հիվանդությունն ու ժամկետից շուտ զորացրվեց, նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ ապահովելը մնաց առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանիքի ուսերին:
Կարդացեք նաև
Թեեւ Սուրենը պետությունից ամսական երկրորդ կարգի զինվորական հաշմանդամության թոշակ է ստանում, անուամենայնիվ, 33 հազար դրամը այն սահմանն է, որից այն կողմ պետությունն իրեն այլեւս անելիք չի վերագրում:
Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ 4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց հաշմանդամ որդու ստացած թոշակն է, ինչը ոչ մի բանի էլ չի հերիքում.
«Ամեն ամիս Երեւանի արյունաբանական կենտրոնում պիտի բուժում ստանա, բայց գումար չլինելու պատճառով ամիսներով չենք տանում, տանելուց էլ գումար չի լինում, որ նշանակված դեղերը գնենք: Որտեղից առնեմ, էս հինգ տարվա մեջ դրա համար էլ որդուս բուժումը արդյունք չի տալիս, օր օրի մոմի նման հալչում է»:
52-ամյա մոր միակ հույսը որդու կանոնավոր բուժում ստանալն ու արյան փոխներարկումն է, որի արդյունքում արյունը հնարավորինս փոխարինվելով նորով՝ ապրելու հնարավորություն կտա նրան:
«Դիմում եմ բոլոր կամեցող մարդկանց, օգնեն, կարողանամ որդուս բուժել, վրան էլ վիճակ չկա, ամբողջ օրը անկողնում պառկած է, չի կարողանում անգամ շարժվել, մարմինը ցավում է, առաջացած բշտիկներն էլ օր օրի մեծանում են»,- ասում է Թամարա Թորոսյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
Հ. Գ. 24-ամյա երիտասարդին օգնելու համար հաշվեհամար է բացվել: Թամարա Թորոսյանը հույս ունի, որ մարդիկ անտարբեր չեն գտնվի իր ցավի նկատմամբ:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Վանաձոր» մասնաճյուղ, հաշվեհամար՝ 23 800 27 17 28 40 100
«Առավոտ» օրաթերթ