Սուսաննա Գրիգորյանը, որի ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատ վիճակում, օրերս պարզել է, որ «Երեւան Ջուր» ընկերությանը հսկայական գումարներ է պարտք: Քաղաքացի Գրիգորյանից դատարանի վճռով հօգուտ ջրամատակարար ընկերությանը պետք է գանձվի մոտ 400 հազար դրամ: Մինչդեռ տիկին Գրիգորյանը պնդում է, որ ընկերությունը դատարան սխալ փաստեր է ներկայացրել, ինչի արդյունքում գումարն այդքան մեծ է ստացվել. «Երեւան Ջուր»-ը անձերի թվի սխալ հաշվարկ է ներկայացրել դատարան: Ընկերությունն առանց ստուգելու, թե քանի անձ կա գրանցված իմ բնակարանում, ԲՇՏ-ից վերցնելով՝ հին տվյալները ներկայացրել է դատարան: Բայց կան մարդիկ, որոնք դատարանի վճռով անհայտ բացակայող են ճանաչվել, եւ Հ. Էմինի 7շ. 4-րդ բնակարանի նկատմամբ նրանց իրավունքը անվավեր է ճանաչվել, բացի այդ՝ «Երեւան Ջուրը» մահացած երեխային էլ է հաշվել, եւ այդ սխալ տեղեկատվությամբ, սխալ հաշվարկներով ներկայացվել է դատարան: Իսկ դատական նիստի մասին ես անգամ ծանուցված չեմ եղել, որպեսզի ներկայանամ դատարան ու իմ փաստերը ներկայացնեմ, դատարանն էլ ոչ ճիշտ հիմքերի վրա կայացրել է դատավճիռ, որը բացարձակապես ճիշտ չէ»:
Տիկին Գրիգորյանի խոսքերով՝ մինչեւ 2005թ. հունիս ամիսը ջրի խողովակներ ու ջրագծեր չի ունեցել. «Ես ինչի՞ վրա պետք է սարք տեղադրեի, եւ անհասկանալի է՝ ջրագծերի բացակայության պայմաններում որտեղի՞ց են այդ ահռելի գումարները ստացել եւ գրել ինձ վրա։ Միգուցե ես պետք է ջրաչափը օդո՞ւմ տեղադրեի»: Քաղաքացին բողոքով դիմել է «Երեւան Ջուր» ընկերության Արաբկիրի մասնաճյուղ՝ պահանջելով սխալն ուղղել եւ ճիշտ վերահաշվարկ անել, սակայն տիկին Գրիգորյանի խոսքերով՝ ընկերությունից խուսափում են նրա դիմումին գրավոր պատասխանել եւ միայն բանավոր են պատասխանում: Մեզ հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց. «Կաթված տարած կին եմ, հիպերտոնիկ հիվանդ, իմ խնամքի տակ են գտնվում երկու տղա երեխաներ, որոնք հոգեկան հիվանդ են, անաշխատունակ, ինքս էլ չեմ աշխատում, գտնվում եմ խիստ ծանր սոցիալական վիճակում, չեմ կարողանում հոգալ նույնիսկ ամենօրյա հացի հարցը, երեխաներս սոված քնում, սոված արթնանում են։ Եվ այդքանով հանդերձ՝ ինձ պարտքերի մեջ են գցել: 1993-ից բնակարանս գտնվում էր քարուքանդ վիճակում, այս ձմռանը բնակարանիս հասցվել է մեծ վնաս, 14 հարկի ողջ ջրագծերը պայթել եւ լցվել են իմ բնակարան՝ շարքից հանելով ողջ տան մանրահատակր, հոսանքալարերը, ջրագծերը, ամբողջ տան վերանորոգումը, գույքեր, զուգարանի պատը փլվել էր: Ողջ ընտանիքով հայտնվել էինք միջանցքում։ Պատճառն այն էր, որ ժամանակին ԲՇՏ-ի կողմից մեկուսիչ չէր փաթաթվել ջրագծերին։ Անչափահաս երեխաներիս հետ հայտնվեցի փողոցում, մեկ շաբաթ ջրի հոսքը չէր կտրվում, ոչ մի փական չէր աշխատում, որպեսզի կասեցնեինք ջրի հոսքը, ողջ գույքս, անկողինս, հագուստները շարքից դուրս էին եկել՝ ողողվելով կոյուղաջրերով։ Ներս խուժած առնետների մասին էլ դեռ չեմ խոսում, տեր-տիրական չկար ձմեռվա այդ մութ ու անլույս սառնամանիքին, չկար գազ, մենք առանց գոյատեւման միջոցների մեր բնակարանում գոյատեւել չէինք կարող։ Թաղապետարանը 11 ավագանիների համաձայնությամբ դուրս է գրել գումար: Այս տրված գումարով կարողացա մի փոքր կոսմետիկ վերանորոգում կատարել, ջրագիծ քաշել, ջրաչափ տեղադրել»։ Տիկին Սուսաննան ջրամատակարար ընկերության գրած հավելյալ գումարների հարցով նամակով դիմել է ՀՀ նախագահին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ