Մասիսի անտուններն ու աղքատ մարդիկ փառք են տալիս Աստծուն, որ գոնե բարեգործական ճաշարանում նրանց մի կտոր հաց ու մի ափսե տաք ճաշ են տալիս
Արշակ Խաչատրյանը տարիներ առաջ ավտովթարի է ենթարկվել ու դարձել անաշխատունակ: Նա յուրաքանչյուր օր մեկ անգամ ճաշում է «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության Մասիս քաղաքի ցերեկային կենտրոնում:
«Կնոջս հետ ապրում ենք գարաժում, նախկինում մնում էինք շինարարությունում, բայց մեզ խղճացին ու գարաժը տվեցին, որ ցրտից չսառենք»,- իրենց անմարդկային պայմանների ու ծայրահեղ աղքատ կենցաղի մասին «Առավոտին» պատմում է Արշակը: Նա եւ կինը ծնողներ չունեն ու որեւէ տեղից այլ օգնություն էլ չեն ստանում: Այդ դժվարին իրավիճակում, ինչպես իրենք են ներկայացնում, ամուսիններով լավ է, որ գոնե սնվելու տեղ ունեն: Օրվա մյուս ժամերին էլ զույգն անցկացնում է կենտրոնում գործող թատերական խմբակի պարապմունքներին մասնակցելով. գոնե ժամանակավորապես իրականությունից կտրվում են, տեղափոխվում այլ աշխարհ: Նրանք դիմել են թե՛ Մասիսի քաղաքապետին եւ թե՛ երկրի նախագահին՝ խնդրանքով, որ իրենց մի կտոր հող տրամադրեն: Առայժմ արձագանք չկա: Ցերեկային կենտրոն միայն անտունները չէ, որ հաճախում են: Ինչպես ներկայացրեց կենտրոնի տնօրեն Դանիել Ասատրյանը, շուրջ 80 մարդ ամեն օր օգտվում է ճաշարանից: Նրանք հիմնականում սոցիալական վատ պայմաններ, առողջական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են: Մեր այցելության պահին տարեց տատիկ-պապիկների թատերական խումբը փորձի էր պատրաստվում:
Կարդացեք նաև
Տիկին Մարոն 71 տարեկան է: Նա ապրում է մեն-մենակ ու արդեն 7 տարի է՝ այցելում է այս կենտրոն ու մինչեւ երեկոյան 6-ն այդտեղ է իր ժամանակն անցկացնում. «Ես թոշակով ապրող կին եմ, եթե չլիներ այս կենտրոնը, որտեղ կանոնավոր սնվում ու զբաղվում եմ, ինձ լքված ու միայնակ կզգայի: Այստեղ մենք լրիվ կտրվում ենք իրականությունից: Ընկեր Անահիտն էլ մեզ ստիպում է նույնիսկ ֆիզկուլտուրայով զբաղվել: Իսկ ամենից շատ ես ոգեւորված եմ մեր թատերական գործունեությամբ, երգում ենք, պարում, իսկապես, որ հոգով-մարմնով ջահելանում ենք»:
Այստեղ ծանոթացանք նաեւ 41-ամյա Սոնայի հետ: Նա բազմազավակ մայր է՝ 4 երեխա ունի, մի կերպ է ծայրը ծայրին հասցնում ու հոգում երեխաների կարիքները: Նրա խոսքերով՝ բարեգործական ճաշարանը փրկություն է, գոնե երեխաներին կերակրում են, ու հատկապես նրան մխիթարում է այն, որ այդ կենտրոնում բոլորը հավասար են:
Թատերական խմբի ղեկավար, դերասանուհի Անահիտ Պետրոսյանը շուրջ 10 տարի է, ինչ շաբաթը 2-3 անգամ այցելում է տարեցներին, նրանց ժողովրդական երգեր ու պարեր սովորեցնում. «Ես փորձում եմ այս մարդկանց օրը ուրախությամբ լցնել, գոնե մի քիչ զվարճացնել նրանց: Փորձերի ժամանակ տարեցները երեխայի պես ոգեւորվում ու հուզվում են: Այստեղ կան նաեւ գրքեր, շախմատ, նարդի, սակայն հիմնական միավորող օղակը ճաշարանն ու թատերական խմբակն է»:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ