Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ն ամբողջապես ոչնչացնելու խնդիր չի դրել

Հոկտեմբեր 16,2012 13:16

Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում որպես վկա հարցաքննվել է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը: Ազգային գրադարանի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ (մոտ երկու միլիոն դոլար), սակայն այդ գումարը ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում էր հանձնվել: Նշված գործի շրջանակներում սեպտեմբերի 28-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Այն, որ բացի ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ իրավապահների ձեռնարկած քայլերից՝ ԲՀԿ-ական այլ գործիչների գլխավերեւում նույնպես սեւ ամպեր են կուտակվում, պարզ էր դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե իրավապահները քննում են քրեական գործեր, որոնց հիմքում առնվազն որպես վկաներ պետք է հարցաքննվեն ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը եւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:

Հաշվի առնելով երեկվա զարգացումները Վարդան Վարդանյանի շուրջ՝ կարող ենք արձանագրել, որ նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը բավական ուշագրավ նրբերանգներ է ստանում։ Այսօր թերեւս ամենահետաքրքրող հարցը, որն առնչվում է ԲՀԿ-ի շուրջ ծավալվող վերջին գործընթացներին, հետեւյալն է՝ արդյոք իշխանությունները ԲՀԿ-ի նկատմամբ իսկապե՞ս կոշտ դիրքորոշում են որդեգրել, անհաշտ պայքար են մղում նրանց դեմ, եւ վաղ թե ուշ ի դեմս ԲՀԿ-ի՝ կունենանք արմատական ընդդիմություն, թե՞ այս ամենը նախագահական ընտրություններից առաջ ընդամենը գրագետ կազմված սցենար է, որի արդյունքում ԲՀԿ-ն ընտրություններից հետո կստանա նախարարական պորտֆելներ կամ նույնիսկ վարչապետի պաշտոն՝ սատարելով Սերժ Սարգսյանին։

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նախ նկատեց, որ եթե Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող գործողությունների հիմքում քաղաքական տարր է գերակշռում, Վարդան Վարդանյանի դեպքում չի բացառվում, որ իսկապես իրավական խնդիրներ լինեն, քանի որ շինարարության, առողջապահության, բնական պաշարների, էներգետիկայի, կապի եւ տրանսպորտի ոլորտներում մեր երկրում շատ են կոռուպցիոն երեւույթները, այնպես որ՝ Վ. Վարդանյանի եւ Վ. Օսկանյանի նկատմամբ իրավապահների գործողությունները չպետք է նույնացնել: Ա. Բադալյանը կարծում է, որ ՀՀԿ-ն, իհարկե, կցանկանար ստանալ այնպիսի ազդեցիկ քաղաքական ուժի աջակցությունը, ինչպիսին ԲՀԿ-ն է, սակայն կստանա այդ աջակցությունը, թե ոչ՝ դա այլ հարց է. «Էական չէ՝ ԲՀԿ-ն կաջակցի՞ ՀՀԿ-ին, թե՞ ոչ, որովհետեւ աջակցելու գաղափարի հիմքում ընկած է այն, որ նախագահը ընտրվում է ՀՀ բնակիչների կողմից։ Իրականում, ինչպես նախորդ՝ 1996-ի, 1998-ի, 2003-ի, 2008-ի նախագահական ընտրություններում տեսանք՝ բնակչության քվեարկությունը երբեք չի համապատասխանում ԿԸՀ հրապարակած տվյալներին, այնպես էլ հիմա է տեղի ունենալու։ Այսինքն՝ գործող նախագահը պետք է փորձի ստանալ ոչ այնքան ԲՀԿ-ի աջակցությունը, որքան աշխարհաքաղաքական կենտրոնների։ Եթե մի պահ ընդունենք, թե ԲՀԿ-ն հայտարարում է, որ աջակցում է գործող նախագահին, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշում են, որ նախագահ պետք է լինի մեկ այլ մարդ, այդ դեպքում քանի՞ կոպեկ արժե ԲՀԿ-ի աջակցությունը… Այսինքն՝ նախագահի նշանակման հարցում վճռորոշ նշանակություն են ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնները, նրանց համար միեւնույն է՝ ԲՀԿ-ն կաջակցի՞ ՀՀԿ-ին, թե՞ ոչ, ՀՀԿ-ն կկարողանա՞ քրեական գործեր հարուցել ԲՀԿ-ի դեմ, թե՞ ոչ»։ Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, ըստ Ա. Բադալյանի, ԲՀԿ-ի աջակցել-չաջակցելու հարցը կարեւոր կլիներ. «Նախագահական ընտրությունների ժամանակ վճռորոշ նշանակություն են ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնները, ինչպես որ ցույց տվեցին Վրաստանում, Հարավային Օսիայում, Ուկրաինայում, Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում, Եմենում։ Ի վերջո՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ուժերի միջոցով թվարկածս երկրներում տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ հավատացեք, որ յուրաքանչյուր այդ երկրում գործող նախագահները իրենց ԲՀԿ-ները ունեցել են, սակայն այն դրանց չի փրկել իշխանությունը կորցնելիս»։

Մեր հարցին՝ ճիշտ չե՞ն նրանք, ովքեր կարծում են, որ հասարակությունը նախագահական ընտրություններում ստիպված կլինի ընտրություն կատարել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուների միջեւ, քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները այսօրվա դրությամբ փաստորեն այս ուժերն են, նա պատասխանեց. «Հասարակությունը իր վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ ցույց տվեց մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ընտրությունները վերածվեցին ֆինանսական լայնամասշտաբ միջոցառման։ Հասարակությունը ուժերը գնահատում է ըստ տված նյութական խրախուսանքի, դրա համար էական չէ, թե հասարակությունը ինչ է մտածում։ Ուրիշ հարց է, թե ԲՀԿ-ն իշխանությունների կողմից ստանալով քաղաքական ճնշումների ենթարկվողի կերպար՝ կկարողանա՞ դա ճիշտ ներկայացնել կամ ռուսական, կամ արեւմտյան քաղաքական շրջանակներում»։ Ա. Բադալյանի կարծիքով՝ հասարակությունը ԲՀԿ-ին կդիտի որպես ՀՀԿ-ին փոխարինող ուժ, թե՞ մյուսին՝ էական չէ. «Դրանում ԲՀԿ-ն չէ մեղավոր։ Ոչ ոք չի խանգարում մյուս քաղաքական ուժերին երեւալ որպես լուսավոր ապագա տանող ուժ։ «Ժառանգությունը» գործունեություն է ծավալում՝ «Բարգավաճ Հայաստա՞նն» է խանգարում… «Բարգավաճ Հայաստա՞նն» էր խանգարում, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի դաշինքը փլուզվեց: Կամ «Բարգավաճ Հայաստա՞նն» է խանգարում, որ ՀՅԴ-ն չի կարողանում նախագահի թեկնածու առաջադրել»։

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նախ՝ քաղաքական մեկ դրվագ հիշեցրեց. «Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն ստացավ ձայների մեծամասնություն, եւ երբ թվում էր, թե կոալիցիայի անհրաժեշտություն չպետք է լինի, նախընտրական շրջանում ԲՀԿ-ն հայտարարում էր, թե միայն բնական կոալիցիայի կողմնակից է, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այնուամենայնիվ, տեղի ունեցան երկարատեւ բանակցություններ, որոնք նպատակ ունեին կոալիցիոն կառավարություն ձեւավորել՝ իշխանության ռեսուրսի տնօրինման նոր պայմանագիր կնքել: Սակայն կոալիցիա չստեղծվեց, թեեւ պետք է արձանագրենք, որ կողմերը ունեին նման ցանկություն: Ուրեմն գոյություն ունեին խնդիրներ, որոնք թույլ չտվեցին, որ այդ բանակցությունները ավարտվեին ցանկալի արդյունքով: Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ-ն այնպիսի պահանջ է ունեցել, որը Սերժ Սարգսյանը չէր կարող բավարարել: Հավանաբար, դա վարչապետի պաշտոնն էր, եւ հավանաբար, Ս. Սարգսյանը հաշվարկել է, որ եթե զիջման գնա՝ կարող է կորցնել իր դիրքերը: Եվ ահա վիճակը առկախվեց, բայց այդ իրավիճակը հավերժ չէր կարող պահպանվել: Ընտրությունները սարերի ետեւում չեն, իսկ մենք գիտենք, որ ընտրությունների արդյունքները Հայաստանում որոշվում են մինչեւ ընտրությունները՝ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում: Այս պայմաններում Ս. Սարգսյանը պետք է ինչ-որ քայլ աներ»:

Է. Վարդանյանը չի կարծում, թե Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին ամբողջապես չեզոքացնելու խնդիր է դրել. «Սա ճնշում-նախազգուշացում է, որովհետեւ եթե նա ամբողջությամբ ցանկանար չեզոքացնել՝ ԲՀԿ-ի երկրորդ դեմքի նկատմամբ չէր ճնշում իրականացնի, միանգամից «գլխից կբռներ»: Ս. Սարգսյանն այս ամենով ուղղակի փորձում է հասկացնել, որ եթե հակառակ կողմը «չափն անցնի»՝ նա ստիպված կլինի ավելի ռադիկալ քայլերի դիմել: Այսինքն՝ սա խաղ չէ, ինչպես ոմանք են կարծում: Իհարկե, սա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի երեւույթ չէ, բնականաբար՝ սա քաղաքական ենթատեքստ ունի, սակայն մյուս կողմից՝ ԲՀԿ-ն ամբողջապես ոչնչացնելու խնդիր դրված չէ: Այս պահի դրությամբ խնդիր է դրված զգուշացնել քաղաքական հակառակորդին»:

Մեր հարցին՝ իսկ ԲՀԿ-ն «չափն անցնելու» խնդիր դրե՞լ է, իրական քաղաքական հակառակո՞րդ է ՀՀԿ-ին, Է. Վարդանյանը պատասխանեց. «Այդ «չափը» հարաբերական է: Այսինքն՝ մեկը մյուսին պետք է ապացուցի, որ «չափը» չի անցնում, եւ «չափը» սա է: Այսինքն՝ երբ Ս. Սարգսյանը, իր սուբյեկտիվ ընկալմամբ, պարզի, որ «չափն անցնում են»՝ այդ դեպքում կգնա որոշակի քայլերի: Այստեղ արտաքին քաղաքական հովանավորչության գործոնը մեծ դեր է խաղում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քաղաքական դաշտի խաղացողները դա շահարկում են՝ հասկանալով արտաքին խաղացողների շահերը, եւ փորձում են մանեւրել նրանց միջեւ: «Հնարավոր է, որ Կրեմլին այնքան էլ դուր չի գալիս Ս. Սարգսյանի այս կամ այն քայլը, որն առավելապես դեպի Արեւմուտք է ուղղված, եւ գիտակցելով դա՝ օրինակ, Ռ. Քոչարյանը փորձի խաղարկել՝ նշելով, թե ի դեմս Ս. Սարգսյանի՝ Պուտինը չունի վստահելի գործընկեր, իսկ վերջինս էլ ասի՝ քայլ արա, ապացուցիր, որ այդպես է, ես էլ կաջակցեմ… Եվ շատ ուժերի կարող է թվալ, թե իրենց թիկունքին իսկապես ունեն աջակցող ուժ եւ կարող են «չափն անցնել»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031