Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում պարոն Օսկանյանի այդ տեսակետին»

Հոկտեմբեր 16,2012 13:12

Նաիրա Զոհրաբյանը՝ Վարդան Օսկանյանի նախագահ դառնալու ցանկության մասին

– Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանը երեկ հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն. ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Պետք չէ ամեն ինչի մեջ հատուկ սենսացիաներ փնտրել: Կա հարուցված քրեական գործ Ազգային գրադարանի հետ կապված, եւ ենթադրվում է, որ դրա կոնտեքստում քաղաքաշինության նախկին նախարարին հրավիրել են որոշ հարցերի շուրջ նաեւ նրա տեսակետը լսելու: Ի դեպ, վստահ եմ նաեւ, որ Վարդան Վարդանյանն ինքը ասելիք ունի Ազգային գրադարանի հետ կապված եւ անպայմանորեն կասի։ Մեր կուսակցությունը, կուսակցության առաջնորդը, մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք այս գործընթացին, եւ եթե նկատենք մտահոգիչ խնդիրներ եւ զարգացումներ, որոնք իրավական հարթությունից դուրս են, բնականաբար՝ անպայմանորեն կարձագանքենք:

– Պարոն Վարդանյանը խնդիրը ներկայացրե՞լ է կուսակցական ղեկավարությանը, տեղյա՞կ եք, թե, ըստ նրա, իրականում ինչ է եղել:

– Մեր բոլոր կուսակցականների մշտական կապը Գագիկ Ծառուկյանի հետ կա, եւ չկա որեւէ գործ, գործընթաց, որին պարոն Ծառուկյանը տեղեկացված չլինի: Եվ, կրկնում եմ, մենք խիստ ուշադիր ենք լինելու այս գործի հանդեպ, իսկ եթե Վարդան Վարդանյանի՝ որպես նախկին նախարարի, պարզաբանումների անհրաժեշտությունը կա, ապա վստահ եմ, որ նախկին նախարարը ունի բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանը։

– Մինչ օրս շարունակվում են շահարկումները եւ տարատեսակ մեկնաբանություններն այն առիթով, որ Գագիկ Ծառուկյանը չներկայացավ Վարդան Օսկանյանի հարցի հետ կապված խորհրդարանական քննարկումներին. ինչո՞ւ պարոն Ծառուկյանը հայտարարություն չի անում:

– Երբ «Սիվիլիթասի» գործի հետ կապված եղավ դատախազության առաջին տեղեկատվությունը, Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը կանգնած է իր կուսակցի կողքին, որ Օսկանյանն ունի հզոր աջակցություն՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի, եւ որ Հայաստան են հրավիրվելու ոլորտի լրջագույն մասնագետները, ինչը եւ արվել է։ Իսկ եթե ոմանք լավ չեն հասկացել Ծառուկյանի հայտարարությունը կամ ընկալունակության հետ կապված պրոբլեմներ ունեն, դա արդեն մեր խնդիրը չէ։ Սխալ հաշվարկ են անում նրանք, ովքեր փորձում են ԲՀԿ-ում տարակարծություններ եւ տարաձայնություններ տեսնել։ Նման բան չկա եւ չի կարող լինել, ուստի այդ հաշվարկի հեղինակներին խորհուրդ կտամ ԲՀԿ-ն չշփոթել իրենց հայտնի այլ կուսակցությունների հետ։ Այդ պատճառով նորից պիտի կրկնեմ Գագիկ Ծառուկյանի տված պարզաբանումը լրատվական կայքերից մեկին՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԲՀԿ-ում կուսակցության անունից որեւէ հայտարարություն որեւէ մեկը կարող է անել՝ առանց նախապես իրազեկելու եւ համաձայնեցնելու կուսակցության նախագահի հետ, ապա այդտեղ է նրանց հաշվարկի եւ դրան հետեւած չակերտավոր վերլուծությունների մեծագույն սխալը։

ԲՀԿ-ն բաց կուսակցություն է, ներքին քննարկումների ժամանակ յուրաքանչյուրն ազատ է՝ ներկայացնելու իր տեսակետը, բայց երբ արդեն կա քաղաքական որոշում, յուրաքանչյուրը պարտավոր է ենթարկվել այդ որոշմանը։

– Իսկ կուսակցությունում ինչպե՞ս են վերաբերվում պարոն Օսկանյանի բավականին թափանցիկ ակնարկին՝ առաջիկա նախագահական ընտրություններում իբրեւ թեկնածու հանդես գալու վերաբերյալ:

– Մենք այդ հարցը կուսակցությունում չենք քննարկել, որովհետեւ կուսակցությունում նախագահական ընտրությունների հարց դեռեւս չի քննարկվել: Պարոն Օսկանյանն էլ իր անձնական տեսակետը հրապարակելիս ի սկզբանե հայտարարել է, որ դա ոչ թե կուսակցության, այլ իր անձնական տեսակետն է: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական տեսակետը Օսկանյանի անձնական տեսակետի վերաբերյալ, ապա ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում պարոն Օսկանյանի այդ տեսակետին:

– Տիկին Զոհրաբյան, իսկ ի՞նչ տվեց բոյկոտի տակտիկան Վարդան Օսկանյանի հարցի քվեարկության ժամանակ: Չե՞ք կարծում, որ առավել ճիշտ կլիներ, եթե իր մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը մասնակցեր քվեարկությանը, նաեւ լոբբինգ աներ այլ «դեմ» պատգամավորների շրջանում, ինչպիսիք, պարզվեց, նաեւ ՀՀԿ-ում կան:

– Բոյկոտը քաղաքական մարտավարություն է, եւ մենք նպատակահարմար գտանք խորհրդարանում տեղի ունեցող այդ ֆարսը բոյկոտելը։ Վստահ եմ, որ դա ճիշտ որոշում էր։

– Իսկ ե՞րբ է ԲՀԿ-ն պատրաստվում քննարկել նախագահական ընտրություններին մասնակցության ձեւերի հարցը:

– Հատուկ ժամանակացույց չենք սահմանել: Երբ նպատակահարմար գտնենք՝ այն ժամանակ էլ կքննարկենք:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031