Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսրությունը մեր գլխում է

Հոկտեմբեր 16,2012 13:09

Մեծ Բրիտանիայի եւ Շոտլանդիայի վարչապետներ Դեյվիդ Քեմերոնը եւ Ալեքս Սալմոնդը երեկ պայմանագիր են ստորագրել, որով 2014 թվականի աշնանը Շոտլանդիայում հանրաքվե է անցկացվելու: Այդ հանրաքվեի միջոցով որոշվելու է՝ արդյոք Շոտլանդիան մնալո՞ւ է Բրիտանիայի կազմում, թե՞ ոչ: Ստորագրման արարողության ժամանակ Քեմերոնն ասաց, որ հարգում է շոտլանդացիների կամքը, քանի որ նրանք ընտրել են հենց այն կուսակցությունը, որը պայքարում էր այդ հանրաքվեի համար, չնայած կարծում է, որ երկու ժողովուրդների համար ավելի ձեռնտու կլինի, եթե նրանք մնան նույն պետության կազմում: Սալմոնդն էլ վստահեցրեց, որ հավատում է՝ հանրաքվեի արդյունքում իր երկիրը կանկախանա: Բայց երկուսն էլ հայտարարեցին, որ հարգելու են հանրաքվեի ցանկացած արդյունք: Ինչո՞ւ են այդ երկու երկրների ղեկավարներն այդքան հանգիստ վերաբերվում այդ խնդրին: Որովհետեւ անգամ Շոտլանդիայի անկախանալու դեպքում այդ երկրները կմնան միասնական եվրոպական ընտանիքի անդամ, նրանք կունենան թափանցիկ սահմաններ, երկու ժողովուրդների ներկայացուցիչներն էլ հարեւան երկրում ոչ խնդիր չեն ունենա, եւ այդ բոլոր պայմանների առկայության դեպքում անկախ կամ ոչ անկախ վիճակը այնքան էլ էական չէ: Մանավանդ, որ հիմա էլ Շոտլանդիան իր ներքին քաղաքական եւ տնտեսական խնդիրները լուծելիս միանգամայն ինքնուրույն է:

Մենք՝ Կովկասի ժողովուրդներս, այդպես առայժմ չենք կարող ապրել: Մեզ՝ հայերիս համար Արցախի անկախությունը Ադրբեջանից ամենեւին ոչ խորհրդանշական խնդիր է, որովհետեւ ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել եւ տարհանել Արցախում ապրող հայերին, եւ այդ նպատակը հարեւան երկրի ղեկավարությունն առանձնապես չի էլ թաքցնում: Ընդհակառակը՝ ընդգծում է եւ ցուցադրում ամբողջ աշխարհին, օրինակ՝ նույն Ռամիլ Սաֆարովի պատմությամբ: Նույնատիպ վտանգը կախված է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի գլխին, եթե դրանք վերադառնան Վրաստանի կազմ: Հետեւաբար՝ դա ոչ թե մեկ ժողովրդի, այլ առնվազն «տարածաշրջանային» մտածելակերպ է: Որտե՞ղ են դրա ակունքները: Ինձ թվում է, դա մի կաղապար է, ըստ որի՝ ավելի հեշտ է բռնի ուժով, սպառնալիքով, շանտաժով տիրել, իշխել, «ենթարկեցնել» ժողովրդին կամ մարդուն, քան համագործակցել նրա հետ: Ի դեպ, այդ կաղապարից Բրիտանիան հրաժարվել է ավելի քան կես դար առաջ, իսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դեռ չեն հրաժարվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն մտածողությունն առկա է ոչ միայն «տարածաշրջանային», այլեւ ազգային եւ ավելի ցածր մակարդակներով, ընդհուպ մինչեւ ընտանեկանը: Եվ մեզանից շատերն իրենց տներում այնպիսի «կայսրություն» են ստեղծել, որ դրան կնախանձեին Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոնը կամ Ստալինը:

Երբ մենք փոխադարձաբար կճանաչենք միմյանց անձնական ազատությունն ու անկախությունը, այդ փոքր աղյուսներից կամաց-կամաց կկառուցվի եվրոպական արժեքների վրա հիմնված ժողովուրդների ընտանիք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031