Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն իրար հետ Արտաշես Գեղամյանի ռադիկուլիտը, էլեկտրաշոկն ու Վարդան Օսկանյանը

Հոկտեմբեր 16,2012 12:59

 

Այսօր «Զարկերակ» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերլուծեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ կատարվածը՝ իր տեսանկյունից: Նրա խոսքերով՝ «Հայաստանում ներքաղաքական կյանքում վերադասավորումները միմյանց հետ կապված են: Ամերիկացիների ծրագրով ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող «Ժառանգության» միջեւ խզումը չէր կարող առաջանալ առանց համապատասխան խրախուսման՝ հենց նույն ամերիկացիների կողմից: «Ազատ դեմոկրատները» Վրաստանում եւ Հայաստանում ստեղծվեցին միաժամանակ, դա ամերիկյան ծրագիր էր: Ամերիկացիները ձգտում են ընդհանուր հարթության բերել ներքաղաքական համայնապատկերը Վրաստանում եւ Հայաստանում՝ դրանով իսկ նպաստելով, որ մի կողմից Վրաստանը չափից ավելի արագ քայլեր չանի դեպի Արեւմուտք, մյուս կողմից ՀՀ-ն կարողանա հասնել Վրաստանի կողմից որդեգրված քայլերին: Երբ տեղի են ունենում այդ գործընթացները, հաշվի պետք է առնել, որ Գագիկ Ծառուկյանի ձեւաչափը, որը քաղաքականապես կայացած չէր, դեռ հեղհեղուկ, չձեւավորված վիրճակում գտնվող, բայց 500 հազար ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններին, ուստի անհրաժեշտ էր կարեւորել հենց Օսկանյանի առաջնորդության հանգամանքը՝ ԲՀԿ-ում եւ խմբակցությունում: Ինչպես էր հնարավոր Օսկանյանին ԲՀԿ լուսանցքից բերել կուսակցության օրակարգի առանցք, բերել եւ նրան դարձնել կուսակցության հիմնական, օրակարգային դեմք: Արդեն մոտ 2 ամիս է, ինչ Օսկանյանը կենտրոնական դեմք է: Գագիկ Ծառուկյանը չի ընկալվում հասարակության կողմից որպես քաղաքական մարդ, նա ընկալվում է որպես բարեգործ, լավ մարդ, բայց ոչ թե քաղաքական այր, մինչդեռ Օսկանյանն իր բոլոր անհրաժեշտ հատկություններով քաղաքական գործիչ է: Այս սցենարը, որ չի կարող քաղաքագիտական առումով մոդելավորված չլիներ, նկատի ունի Օսկանյանին դարձնել միասնական թեկնածու»:

Ըստ նրա, կային հակասություներ: Մարտի 1-ի հետ Վարդան Օսկանյանը առնչություն ունի: Եվ միայն ֆորս-մաժորային իրավիճակները մարդկանց կարող էին ստիպել ԲՀԿ-ին ընկալել որպես իրական ընդդիմություն. «Եթե մեկին հետապնդում են, ուրեմն ընդդիմություն է: Այս իրավիճակում որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տան, որ ինքը պատրաստ չի նախագահական ընտրություններին, արեւմտյան ուժային կենտրոնները ներքին պառակտում թույլ տվեցին՝ հասկացնելով Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա պետք է զիջի մի այլ թեկնածուի, որն իրենց համար միանգամայն ընդունելի է: Պետք է ուղտ լինել, որ չհասկանան, որ դրա արդյունքում Վարդան Օսկանյանը՝ լուսանցքում գտնվող գործչի դերակատարումից անցում է կատարում փաստացի ԲՀԿ առաջնորդի դերակատարման»:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ մեր պատմության մեջ նմանատիպ մի սցենար եղել է, թե ինչպես են ամերիկացիները ստիպել ընդհատակից քաղաքական գործիչներին բարձրանալ. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձեւով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որն իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչու ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց որպես կաշառք վերցնող՝ Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն, սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ: Սա մեր պատմության մեջ եղել է այս իրավիճակը, զուգահեռը միանգամայն տեղին է: Սա միանգամայն կանխատեսելի էր»:

Նա հիշեց նաեւ Արամ Զավենիչին, որը 2000-ին Ստալինի լուսանկարներով հանրահավաք է կազմակերպել, իր նախասիրություններն է արտահայտել Պուտինին, Ռուսաստանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031