Այսօր «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշելով անկախությունից հետո մամուլի դաշտում ունեցած վայրիվերումները նշեց. «Հիշելով այն կորուստները, որոշ լրատվամիջոցների փակվելը, խմբագիրների ծեծվելը, լրագրողների բռնության ենթարկվելը՝ կարող եմ ասել, որ այսօր մենք շատ ավելի շատ շնչելու օդ ունենք, քան երբեւէ եղել է: Համեմատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետները կարող եմ ասել, որ Սարգսյանի համենայնդեպս գոնե վերջին 1.5 տարին առանձնանում է նույնիսկ իր առաջին 3 տարիների հետ համեմատած: Չենք կարող չարձանագրել, որ այս իմաստով բավական ազատություն ենք ստացել: Գոնե ես դա զգում եմ հատկապես 1in.am-ի պարագայում: Մենք կարողանում ենք ազդել, թեկուզ եւ փոքր որոշումների վրա»,- ասաց Բաբաջանյանը, ըստ որի՝ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները վերջ կդնեն հրատարակվող որոշ թերթերի, որոնք այլեւս կենսունակ չեն եւ իր կարծիքվ մեր կյանքում դրանց դերակատարությունը նվազագույն է: «Ինտերնետային իրականությունը նեղն է գցել թերթային հրատարակչություններին, այստեղ լուրջ կորուստներ ենք ունենալու: Բայց սա իրականությունն է, որին պետք է պատրաստ լինել ու դիմավորել: Նշեմ նաեւ որ, մեր լրատվամիջոցների էլեկտրոնային դաշտը տարածաշրջանում ամենակազմակերպվածն է: Հայաստանում դա եղավ շնորհիվ մարտի 1-ից հետո սահմանված արտակարգ դրության: Մեր բնակչությունը 20 օրում դարձավ գրագետ ինտերնետային լրատվամիջոցներից օգտվելու հարցում: Դա էլ խթան հանդիսացավ, որ մենք այսօր ունենանք այն ինչ ունենք. մարդիկ սկսեցին վստահել ինտերնետային լրատվամիջոցներին»,-հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ