Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ժ.11.30-ին նշանակվել էր Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլիի, հայաստանաբնակներ Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Կարեն Հովհաննիսյանի, Հասմիկ Դուրգարյանի, Վարդան Եղիազարյանի եւ Աբգար Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Այդ մասին տեղեկացնում էր նաեւ դատական տեղեկատվական համակարգը՝ «Datalex»-ը:
Սակայն դատական նիստերի դահլիճի դուռն այդպես էլ չբացվեց: Պարզվեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու շաբաթով մեկնել է արձակուրդ:
Ինչի մասին «տեղյակ» չէր պահվել դատական տեղեկատվական համակարգին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վաժան եւ նրա խումբը մեղադրվում են Հայաստանի Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից կատարված 150 միավոր հնատիպ գրքերի գողության համար: Դրանց արժեքը գնահատվել է 7 միլիոն 500 000 դրամ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ