«Հայաստանի լրատվամիջոցների պատմությունը ես 3 մասի կբաժանեմ, առաջինը տպագիր լրատվամիջոցների զարգացումն է, երկրորդը հեռարձակվող լրատվամիջոցներինը, երրորդը՝ այլընտրանքային նոր մեդիայի զարգացումն է: Պետք է նշեմ, որ առաջին երկուսի զարգացման առումով Հայաստանը չի օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որ կարող էր ունենալ եւ ցավոք տպագիր մամուլը, որ բավականին խոստումնալից քայլեր էր կատարում անկախության տարիներին, չստացավ համապատասխան պետական աջակցություն: Պետական աջակցություն ասելով ես նկատի չունեմ ֆինանսականը, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որը կնպաստեր այդ բիզնեսի, հասարակական ոլորտի զարգացմանը»,- այսօր հոկտեմբերի 16-ին նշվող հայ մամուլի օրվա կապակցությամբ խոսելիս՝ «Հենարան» ակումբում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի կարծիքով այսօր թերթերի համար լուրջ հեռանկար այլեւս չկա, չնայած ըստ նրա դա գլոբալ երեւույթ է, բայց Հայաստանի պարագայում վառ արտահայտված է, ինչն էլ սխալ քաղաքականության արդյունք է: «Հեռարձակվող լրատվամիջոցների հնարավորությունը նույնպես ըստ իս չօգտագործվեց, չնայած մենք ունենք հեռուստաալիքների քանակական զարգացման որոշակի փուլ, բայց դա լուրջ փոփոխությունների Հայաստանի հասարակության կայանքում չբերեց, քանի որ առաջարկվող բովանդակությունը շատ սահմանափակ էր, չկար բազմակարծություն, բազմազանություն, եւ դա էլ բերեց նրան, որ ավելի շուտ հեռուստատեսությունը կորցնի իր ազդեցությունը, տեղը զիջելով այլընտրանքայնին լրատվամիջոցներին»,-ասաց նա՝ նշելով, որ այլըընտրանքային լրատվամիջոցների հարցում առաջընթաց ունենք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև