Հոկտեմբերի 15-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և կուսակցության քաղխորհրդի անդամները Արարատի մշակույթի պալատի դահլիճում հանդիպել են կուսակցության տեղական ակտիվի և համախոհների հետ։ ՀԱԿ անդամ Լյովա Եղիազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 400 տեղանոց դահլիճում շատ քիչ ազատ աթոռներ կային, և այդ իմաստով հանդիպումը նա կայացած է համարում։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ ռեժիմով, լրագրողներ չեն հրավիրվել, որպեսզի ներկաները կարողանան ազատ արտահայտվել։ Իսկ ինչ են ասել այդ ազատության պայմաններում արարատցիները։ Մի քանի ամսից նախագահական ընտրություններ են, և, այդ առիթով, ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունները՝ իրենց թեկնածուներով, գնալու են շրջաններ, հավաքելու են մարդկանց և փորձելու են շահել նրանց վստահությունը, համոզելու են քվեարկել իրենց թեկնածուի օգտին։ Բայց արարատցիները «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներին ասել են, որ իրենք այլևս չեն հավատում ընտրություններին, չեն հավատում, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր է իշխանության փոփոխության հասնել։ Ներկաներն ասել են, որ եթե իրավիճակը փոխելու այլ մեխանիզմներ կառաջարկվեն, ապա իրենք պատրաստ են մասնակցել դրանց։
Ընտրությունների միջոցով իշխանափոխության կամ իշխանության ձևավորման նկատմամբ հավատի կորուստը նոր երևույթ չէ։ Բայց ընդդիմությունը յուրաքանչյուր ընտրությունից առաջ, իր համախոհներին, այսինքն՝ իշխանությունից դժգոհողներին տեղամաս բերելու և իրեն ձայն տալու համար բացատրել է, որ ընտրությունները պետք է օգտագործել, որպեսզի հետո տեղի ունենան հետընտրական զարգացումներ, և այդ հետընտրական զարգացումների տակ մշտապես հասկացվել է իշխանության խաղաղ-բռնի փոփոխությունը։ Հասկացվել է, որ եթե հրապարակում գոնե 100 հազար մարդ հավաքվի, և հավաքվածներն ասեն, որ իրենք ուզում են, որ իշխանությունը փոխվի, ապա հենց այդպես էլ կլինի։ Իրականում բոլոր հետընտրական զարգացումներն ավարտվել են ցուցարարների ծեծով և ազատազրկմամբ, իսկ 2008թ.՝ նաև սպանությամբ։ Ըստ Լյովա Եղիազարյանի՝ Արամ Սարգսյանը, խոսելով նախորդ երկու ընտրությունների մասին, ասել է, որ ինքը երկու դեպքում էլ վեր կանգնելով նեղ անձնական կամ կուսակցական ամբիցիաներից, պաշտպանել է մի դեպքում՝ Ստեփան Դեմիրճյանին, իսկ մյուս անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մի խոսքով, ընտրական և հետընտրական տապալումների պատասխանատվությունը դրել է նրանց վրա։ Արդյո՞ք այս անգամ «Հանրապետություն» կուսակցությունն ընտրու֊թյուններին հանդես կգա սեփական թեկնածուով, և Արամ Սարգսյանը կառաջադրվի՝ այս անգամ իր վրա վերցնելով պատասխանատվությունը։ Այս հարցին նա հստակ պատասխան չի տվել։
Կուսակցությունում կա տեսակետ, որ մինչև այս հարցում վերջնական որոշում կայացնելը պետք է կազմակերպել ևս մի քանի նման հանդիպում, այդ թվում՝ նաև Երևանում, հնարավոր է՝ նաև հանրահավաքային ձևաչափով, և եթե տեսնեն, որ ունեն բավարար հանրային աջակցություն, որ հասարակությունն իրենց է տեսնում՝ որպես ուժի կենտրոն, ապա շատ հնարավոր է, որ Արամ Սարգսյանն առաջադրվի։
Կարդացեք նաև
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«168 ժամ»