ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հերթական գրառումն է կատարել երկրի տնտեսական իրավիճակի հետ կապված՝ անդրադառնալով, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների նվազմանը: «Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկն օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: 2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս»,- գրել է պարոն Օսկանյանը:
Նրա մտահոգությունը շատ տեղին է: Այն հիշեցնում է «քաղաքային լեգենդ» դարձած մի պատմություն, որի մասին ժամանակին գրել ենք: Սփյուռքահայ բավականին մի լուրջ գործարար տարիներ առաջ բավականին մեծ գումար է նվիրել Հայաստան համահայկական հիմնադրամին: Հետո հյուրընկալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մոտ: Վերջինս էլ նրան կոչ է արել գալ Հայաստան` ասելով, թե՝ արի Հայաստանում բիզնես հիմնի, ես անձամբ այնպես կանեմ, որ ոչ մի խնդիր չունենաս: Այսինքն՝ ես երաշխավորում եմ, որ «խաթրիդ կպնող» չի լինի:Սփյուռքահայ գործարարը խոստացել է մտածել, այսինքն՝ քաղաքավարի ձևով հրաժարվել է:
Իր որոշումը նա բացատրել էր հետևյալ կերպ. եթե պաշտոնյան խոստանում է անձամբ հովանավորել բիզնեսի անձեռնմխելիությունը, ապա դա խոստովանություն է, որ Հայաստանում օրենքը չի գործում, և ամեն ինչ կախված է անձերից: Իսկ անձերը կարող են փոխվել: Ներդրողին՝ լինի հայ թե արտասահմանցի, վախեցնում է հենց այդ փոփոխականությունն ու անորոշությունը: Նա երաշխիքներ չի տեսնում և իրեն պաշտպանված չի զգում: Սա պատճառներից մեկն է, թե ինչու հարուստ Սփյուռք ունենալով հանդերձ՝ ներդրումների մեծ հոսք Հայաստանը չունի:
Վ. Օսկանյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ներդրումների կրճատման պատճառներին՝ նշելով, որ կան նաև զուտ տնտեսագիտությունից դուրս գործոններ, որոնք էապես ազդում են ներդրողների որոշումների վրա:
Կարդացեք նաև
«Վերջերս Սիրիայից ժամանած հաջողակ, լուրջ նյութական միջոցներ և արտադրության ոլորտում գիտելիք ունեցող մարդկանց հետ էի զրուցում: Չնայած նրանց հնարավորություններին և Հայաստանում ներդրում անելու ցանկությանը, նրանք շատ լուրջ մտահոգություններ և վերապահումներ ունեն, որոնք մեծ հաշվով կարելի է ամփոփել հետևյալ չորս կետերով:
1. Հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ. երկրի ապագայի նկատմամբ հույսն ու վստահությունը ոչ միայն անհրաժեշտ են ներդրումների, այլև՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու համար: Այս հույսի ներշնչումը պետք է գա առաջին հերթին իշխանության գլուխ կանգնածներից, նրանց խոսքով և գործով: Պետք է գա նաև քաղաքական համակարգից, որը պետք է ունենա հակակշիռների անհրաժեշտ մեխանիզմը և երկրի զարգացման ու հեռանկարների և այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը: Դա այսօր իսպառ բացակայում է:
2. Անորոշություններ. որոշակիությունը և տնտեսությունից ներդրողի ու սպառողի ակնկալիքները տնտեսության խթանման ամենակարևոր գործոնն են: Այդ առումով՝ և՛ օրենսդրական դաշտը, և՛ ակնկալիքները խիստ մշուշոտ են: Միայն հարկային և մաքսային օրենսդրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ փոփոխվում է, և խոսակցությունները հետագա փոփոխությունների մասին երբեք չեն դադարում: Ներդրումներին լրջորեն խանգարում է նաև դրամի փոխարժեքի անորոշ վարքագիծը:
3. Արդարություն. ցանկացած ներդրող այսօր լուրջ մտահոգություն ունի, որ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, հատկապես, եթե դա ինչ-որ մեկի հետ է, որն ունի քաղաքական լծակներ, չի կարող վստահ լինել արդարադատության հարցում: Այստեղ լուրջ մտահոգություն կա նաև խտրական արդարադատության առումով, երբ առանց իրավական հիմնավորումների պետական մարմիններն օգտագործվում են ինչ-որ խնդիրներ լուծելու համար:
4. Խաղաղություն և կայունություն. այս հարցը, բնականաբար, բոլորի մտքում կա: Այսօր ավելի, քան երբևէ, սա ներդրումների համար լուրջ խոչընդոտ է: Ադրբեջանն անվերապահորեն զինվում է, խստացրել է ռազմական հռետորաբանությունը, շփման գծում զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, իսկ բանակցային գործընթացը մտել է լուրջ փակուղի:
Ահավասիկ, ես կարծում եմ, որ այս գործոններին պետք է նույնքան ուշադրություն դարձնել, որքան տնտեսական ցուցանիշներին, որովհետև սովորական քաղաքացու առօրյա խոսակցության թեմաները սրանք են, քան ժողովրդի մեծամասնությանը անհասանելի և հաճախ անընկալելի մակրոտնտեսական ցուցանիշներն ու վերլուծությունները»,- գրել է Վ. Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարն ամեն ինչ ճիշտ է ասում: Կարելի է ստորագրել նրա բոլոր բառերի տակ: Ավելին` Վարդան Օսկանյանն այդպես «արքով» է խոսում, քանի որ իր պաշտոնավարման օրոք (Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում) օտարերկրյա ներդրումներն իրոք աճ էին արձանագրում: Համաշխարհային բանկի տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին ժամկետի ընթացքում (1998-2003թթ.) օտարերկրյա զուտ ուղղակի ներդրումները տարեկան կտրվածքով սկզբում պակասել են՝ 220-ից հասնելով 110 միլիոն դոլարի: Իսկ երկրորդ շրջանում՝ 2003-2008թթ., շեշտակի աճել՝ 120 միլիոնից աճելով 925 միլիոն դոլարի: 2008-ից ներդրումները սկսեցին նվազել:
Բայց այս ամենի մեջ կա երկու մեծ վերապահում:
Նախ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, թե ինչի հաշվին էին աճում այդ ներդրումները, ուր էին դրանք ուղղվում: Այս հարցին գոնե մասնակի պատասխանելու համար բավական է հիշել այդ տարիների շինարարական բումը: 2003թ. շինարարության ծավալը 225.9 միլիարդ դրամ էր, իսկ 2008-ին՝ արդեն 842 միլիարդ դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ. հարկավոր է հաշվի առնել նաև դոլարի փոխարժեքը: 2003թ. 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 578.77 դրամ էր, 2008-ին՝ 305.9 դրամ: Դոլարային արտահայտությամբ ստացվում է, որ 2003-2008թթ. ընթացքում շինարարության ոլորտի տարեկան ծավալներն աճել են 7 անգամ՝ 390 միլիոն դոլարից հասնելով 2.75 միլիարդի: Փողը, կոպիտ ասած, ներարկվում էր շինարարության ոլորտ: Իսկ նման «ներդրման» արդյունքը տեսանք ճգնաժամի ժամանակ և դրանից հետո:
Հիմա անդրադառնանք երկրորդ վերապահմանը: 2008-ից հետո, ինչպես արդեն նշվեց, ներդրումների հոսքերը սկսեցին նվազել: Պատճառները շատ են, դրանց թվում են նաև պրն Օսկանյանի նշած պատճառները: Որևէ ցանկություն չունենալով արդարացնել Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը, դժվար է չնշել, որ այդ ամենում կային նաև այլ՝ ինչ-որ տեղ օբյեկտիվ պատճառներ: Առաջինը՝ ֆինանսատնտեսական ճգնաժամն էր, որի հետևանքները դեռ զգացվում են: Եվ երկրորդ պատճառը՝ 2008թ. մարտի 1-ը և արտակարգ դրությունը: Հիշո՞ւմ եք՝ դեռ արտակարգ դրության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ «տուրպակետները» չեղյալ են արվում: Այսինքն՝ այդ իրադարձությունները զգալի ազդեցություն ունեցան նաև տնտեսության ու ներդրումային հոսքերի վրա: Հարևանցիորեն հիշենք միայն, որ մարտի 1-ի երեկոյան, արտակարգ դրության հայտարարումից առաջ, մամուլի ասուլիս էր հրավիրել նույն ինքը` Վարդան Օսկանյանը` արդարացնելու համար մի քանի ժամ հետո տեղի ունենալիք արյունալի գործողությունները:
Կա նաև մեկ այլ հանգամանք, ինչպես ամերիկացիներն են ասում՝ «The last, but not the least» (վերջինը, սակայն, ոչ ամենապակաս կարևորը): Դա այն է, որ Վ. Օսկանյանի նշած բոլոր խնդիրները՝ անորոշությունը, հույսի և արդարության բացակայությունը, առկա էին նաև այն ժամանակ, երբ ինքը ԱԳ նախարար էր: Ավելին, այդ խնդիրները ոչ միայն լուծում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այլև ավելի են խորացել: Իսկ հոդվածի սկզբում նշված պատմությունը տեղի է ունեցել հենց Ռ. Քոչարյանի օրոք:
Այսօր Սերժ Սարգսյանին քննադատում են (միանգամայն արդարացիորեն), թե ինչո՞ւ է նոր միայն խոսում «ատկատների» ու այլ արատավոր երևույթների մասին, երբ նախորդ տարիներին կարելի էր քայլեր անել այդ ուղղությամբ: Նույն հարցը կարելի է ուղղել Վ. Օսկանյանին՝ ինչո՞ւ այդ խնդիրների մասին չէր բարձրաձայնում իր՝ նախարար եղած ժամանակ: Ոմանք միգուցե կասեն՝ դա իր ոլորտը չէր: Սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում Վարդան Օսկանյանի տնտեսագիտական վերլուծություններն ու քննադատությունները, դժվար է հավատալ, որ նա չէր նկատում իր ոլորտից դուրս գտնվող թերությունները: Այնպես որ, կարելի էր այդ մասին կարծիք հայտնել, գոնե ցածրաձայն:
«168 ԺԱՄ»