Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. «Մեր ժամանակների ականավոր քաղաքական գործիչներից մեկը»

Հոկտեմբեր 16,2012 10:41

Հատված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի հետ հարցազրույցից:

 – Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դրեց մանդատը՝ հայտարարելով, որ այդ քայլին գնում է իր տեղը երիտասարդներին զիջելու համար։ Մինչդեռ խոսակցություններ տարածվեցին, որ Րաֆֆիի քայլը, կարելի է ասել, պարտադրված էր, եւ խնդիր կար ամեն գնով Ձեզ խորհրդարան գործուղելու (դեռ համամասնական ցուցակների կազմման ժամանակ խոսվում էր, որ Դուք, լինելով հանրությանը ոչ այնքան ծանոթ, «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականում եք հայտնվել նախագահականի միջամտությամբ): Մանավանդ որ ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի՝ մանդատը վայր դնելու դեպքում խորհրդարան կգնար մեկ այլ ԱԴական՝ Մասիս Այվազյանը, որին չի կարելի Քոքոբելյանի համեմատ շատ երիտասարդ համարել։

– Կարծում եմ, որ Արեւելյան Եվրոպայում 25 լավագույն վերլուծական կենտրոններից մեկի եւ հայաստանյան առավել կայացած ոչ պետական կառույցներից մեկի ղեկավարի անվան շուրջ «հանրությանն այնքան էլ ոչ ծանոթ» ձեւակերպումը տեղին չէ։ Իրավամբ, եթե հանրությանը ծանոթ լինելու համար չափանիշ վերցնենք, ասենք, սերիալներում խաղացող դերակատարների վարկանիշը, ապա, թերեւս, սերիալների դերասաններից շատերը հանրությանն ավելի են ծանոթ, քան շատ իրավապաշտպաններ, քաղաքական եւ հասարակական, կուսակցական գործիչներ։ Սակայն եթե Ալբերտ Էյնշտեյնի խոսքերով՝ «անհատի  տաղանդը չափենք ծառ բարձրանալու կարողությամբ, ապա  ձուկը կլիներ աշխարհի ամենաանպիտան ու անկարող արարածը»։ Մի խոսքով, խնդիրը չափանիշների մեջ է, որոնք ընդունում ենք ու գնահատում այս կամ այն անհատի գործունեությունը։ Իհարկե, հասարակության բազմաշերտության եւ տարակարծության պայմաններում չափանիշների տարբերություններն ու երբեմն բախումը անխուսափելի են։

Խոսենք փաստերով։ Իսկ փաստերը մատնանշում են, որ այսօր ես պատգամավոր եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած ու բարձրաձայնած հետեւողական քայլերի արդյունքում։ Մեր ժամանակների ականավոր քաղաքական գործիչներից մեկը բազմիցս շեշտել է քաղաքական դաշտում սերնդափոխության անհրաժեշտության եւ երիտասարդներին առաջ քաշելու մասին։ Կարծում եմ, որ նրա օրինակը ոչ միայն ողջունելի է, այլեւ պիտի օրինակ ծառայի քաղաքական դաշտի բոլոր թեւերի համար։ Հայաստանում ցանկացած քաղաքական ուժ պետք է փորձի ապահովել նոր դեմքերի մուտքը քաղաքական դաշտ, այլապես կարճ ժամանակ անց ստիպված կլինի խոստովանել, որ կտրվել է կյանքի ընթացքից, ճահճացել է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031