Իրանցի նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն բարեգործական համերգ ունեցավ Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճում: Համերգի կազմակերպման համար օժանդակել էին Իրանում ՀՀ դեսպանությունը, իրանական «Սեթթի» ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Տիկին Զանգանեն երիտասարդ տարիքում ավտովթարի հետևանքով կորցրել է իր տեսողությունը և հանդիսանալով տեսողական խնդիրներ ունեցող անհատների պաշտպանության հասարակական ակտիվիստ, ցանկացել էր իր համերգին ներկա լինեն նաև Հայաստանի կույրերի միավորման անդամները:
Համերգը կոչվում էր «Խավարից այն կողմ» և ներկայացվեց արևմտաեվրոպական դասական երգեր, ապա իրանական ժողովրդական երգեր և վերջում երեք հայկական երգ՝ Կաքավիկ, Օրորոցային և Բարի արագիլ:
Վերջում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը և ՀՀ կույրերի միավորման նախագահը մեծարեցին իրանցի երգչուհուն և իր դաշնակահար՝ Նազլի Բախշայեշին: Տիկին Զանգանեն երկուշաբթի՝ 15 հոկտեմբերին, այցելեց նաև Հայաստանի կույրերի միություն և խոսեց փոխադարձ կապերի և համագործակցության մասին:
Փարի Զանգանեն ուսանող ժամանակ աշակերտել է կոնսերվատորիայի հայ նշանավոր դասախոսներին և լավապես ծանոթ է հայկական երաժշտության պատմության: Կատարելագործվել է Գերմանիայում, Իտալիայում և Ավստրիայում, իսկ Ճապոնիայում սովորել է ծաղկարվեստ՝ իկեբանա: Նա ուսումնասիրել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և Արամ Խաչատրյանի գործերը և Իրանում կամ արտասահմանում հաճախ հնչեցրել է նաև հայկական երգեր: Զանգանեն մշակել և կատարել է Իրանի տարբեր նահանգների ավելի քան երեք հարյուր ժողովրդական երգեր, ստացել է «Երգի ոսկյա մրցանակ» և վաստակել է «Բարի կամքի դեսպան» տիտղոսը:
Նշանավոր երգչուհին այժմ Իրանում դասավանդում է օպերային երաժշտություն, հրատարակում է գրքեր և աշխարհի մյուս կույր երգիչների հետ հասարակական-բարեգործական աշխատանք է կազմակերպում:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ