Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահը այցելել է Արագածոտն եւ Շիրակ

Հոկտեմբեր 15,2012 21:13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր:

Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին և ընկերության զարգացման ծրագրերին:

Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 200 և Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերությունն զգալի ներդրումներ է կատարել՝ տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով: Արդյունքում, այսօր ավելի քան 160 հա տարածության վրա հիմնված են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիներ: Այժմ ընկերությունը խաղողի մշակումից անցնում է վերամշակման և սկսել է մթերման գործընթացը:

Պատասխանատուների հավաստմամբ, արդեն հաջորդ տարվա մայիսին գործարանը կներկայացնի իր առաջին արտադրանքը՝ “Shato ArmAs” անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները, իսկ 3 տարի անց՝ նաև “ArmAs” անվամբ առաջին կոնյակը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, բարձրորակ հայկական հումքով և լավագույն որակական չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներով ստացված արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում:

«Գոլդեն Գրեյփ ԱրմԱս»-ի զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև տարածքում ստեղծել հյութերի, ջեմերի, մուրաբաների գործարան, ջերմոցներ, անասնաբուծական ֆերմա և ձկնաբուծարան: Դրանց շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:

Ընկերության կարևոր նախաձեռնություններից է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Այդ նպատակով տարածքում կառուցվել է հյուրանոցային համալիր, որը շահագործման կհանձվի մյուս տարվա մայիսին: «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս»-ի ընթացիկ աշխատանքներին և հեռանկարային ծրագրերին ծանոթանալուց հետո, Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը՝ հետագա աշխատանքներում:

Արագածոտնի մարզից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում ծանոթացել է «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում կատարված և ընթացիկ աշխատանքներին:

2008թ. սկիզբ առած՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված շուրջ 85 մլրդ. դրամ արժողությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 3714 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ և ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Դրա հետ մեկտեղ, ներկայում շինարարության ընթացքում գտնվող 743 և լրացուցիչ սկսվող 608 բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքների ավարտման արդյունքներով իրենց լուծումը կստանան ևս 1351 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու համար սահմանված կարգով հաշվառված մոտ 400 ընտանիքների կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Արդյունքում, ծրագրի շրջանակներում կլուծվեն շահառու ճանաչված շուրջ 5500 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի 2-րդ փուլով Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շինարարությունն սկսվել է 2010թ.: Թաղամասերը շահագործման են հանձնվում համապատասխան ենթակառուցվածքներով` ջրամատակարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով ու ասֆալտապատ ճանապարհներով, իսկ բնակարանները` ներքին հարդարմամբ և առաջին անհրաժեշտության որոշակի կահավորմամբ: Կառուցապատումն իրականացնում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև «Մուշ-2» թաղամասի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել դպրոցում, ծանոթացել կրթական այդ հաստատությունում իրականացված աշխատանքներին և պայմաններին:

Նախագահը նորակառույց «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շրջայցի ընթացքում այցելել է մի շարք բնակարաններ, շնորհավորել տոնական սեղանների շուրջ բնակարանամուտը նշող ընտանքիներին:

Սերժ Սարգսյանը նոր կառուցվող շենքերի շինհրապարակի մոտ ծանոթացել է թաղամասի գլխավոր հատակագծին: Հանրապետության ղեկավարին ներկայացվել են շենքերի նախագծերն ու զեկուցվել շինարարական աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ «Մուշ-2»-ի համալիր կառուցապատման նախագիծը: Քննարկման արդյունքում «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարտավորվածություն է ստանձնել իր միջոցներով «Մուշ-2» թաղամասում կառուցել մանկապարտեզ:

Շրջայցի ավարտին նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031