Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ ջան, բալա ջան, էս թանկացումները վերջ ունե՞ն» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 15,2012 20:45

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  տարածքային կառավարման ու  քաղաքաշինության նախարարներ Արմեն Գևորգյանի ու Սամվել Թադևոսյանի  հետ  եկել էր Գյումրի` 23 տարի սպասված  Մուշ 2 և Անի թաղամասերի նորակառույց բնակարանների բանալիները անօթևաններին հանձնելու համար: Նշենք, որ այսօր շահագործման հանձնվեց «Գլենդել հիլզ» շինկազմակերպության կողմից կառուցված 38 բազմաբնակարան շենք`  1756 բնակարանով , որոնց մեջ կային 1-ից  մինչև չորս սենյականոցներ:  Նախագահը Մուշ 2 թաղամաս ժամանեց նախատեսվածից  2 ժամ ուշացումով, իսկ բնակիչները,  արևի տակ հավաքված, սրտատրոփ սպասում էին նրան: Սպասողների թվում էին  նաև մանկահասակ երեխաներ, ձեռնափայտով ծերունիներ,  նախագահին սպասելիս եղան  նաև ուշաթափության դեպքեր:

Սերժ Սարգսյանը  նախարարների, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վերջապես եկավ  ու սկսեց բանալիների հանձման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ Սերժ Սարգսյանին գովաբանելու բարդ գործը դրվել էր նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուսերին, ով սակայն չկարողացավ այն նույն ճարտարախոսությամբ ներկայացնել Սերժ Ազատիչի` գյումրեցիներին արած լավությունը, ինչպես  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր անում:

Նախագահն այցելեց բնակարաններ, սեփական աչքով տեսավ դրանք, տանտերերին  շնորհավորեց… Լրագրողներից մեկի այն հարցին էլ,թե`  հավանեցի՞ք որակը, ասաց. «Թող կահավորեն, ինձ կհրավիրեն, հյուր կգամ-կասեմ »:

Նախագահն այցելեց նաև Մուշ 2 թաղամասում 1080 աշակերտի համար կառուցված   դպրոց, որի վրա աշխատել էին 4 շինկազմակերպություններ և որի վրա ծախսվել էր 2,05 մլրդ դրամ: Նա,  շրջայց կատարելով, դուրս եկավ ու լրագրողներին ասաց, որ  գոհ է որակից: Դպրոցի դիմացի փողոցում  բողոքավորները երկար ժամանակ հավաքված` սպասում էին նախագահին: Նրան   տեսնելուն պես փողոցի մեջտեղում շրջապատեցին` հատ-հատ ներկայացնելով իրենց դժգոհությունները: Մի տղամարդ վրդովվեց, թե իրեն զրկում են բնակարան ստանալու իրավունքից , քանի որ իր  «օղորմածիկ»  քրոջ ամուսինը  տարիներ առաջ բնակարան է ստացել,  մի ծեր կին էլ նախագահին խնդրեց կարգի բերել Մուշ թաղամասի հին հատվածի փողոցները: «Նախագահ ջան, լավ կլինի քեզ էդ ճամփեքով տանեն, որ մեր վիճակը հասկանաք, ռեզինե սապոգ կհագնինք, որ ցեխերի միջից անցնինք»: Նախագահն քաղաքաշինության նախարարին անմիջապես հանձնարարեց զբաղվել առաջին բողքավորի հարցով, քանի որ զարմացավ, թե ինչո՞ւ են նման երկրորդական խնդիրները պատճառ դարձել անօթևան ընտանիքին  բնակարանից զրկելու: Փողոցների հետ կապված էլ ուրախացավ, թե Գյումրիում բոլոր խնդիրները ավարտվել են, որ մարդիկ մտածում են փողոցների մասին:  Վերջին վայրկյանին մեքենա նստող նախագահի հետևից մի տարեց կին վազեց` ասելով .«Սերժ ջան, բալա ջան, էս թանկացումները վերջ ունե՞ն, հաց չեմ կարող առնել»: Նախագահը հանգստացրեց տիկնոջը` հավաստիացնելով,  որ թոշակները կբարձրանան և որ պիտի աշխատեն, որ ապրեն: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ընդհանրապես ելույթ չունեցավ, թեև անօթևանները սպասում էին, որ նա  մեկ- երկու    բառ կասի,  թեկուզև կասի, որ  անօթևաններին բնակարններով ապահովելը  իր նախընտրական խոստումներից է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031