Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար. «Լրագրողները նախարարությունը քննադատության թիրախ են դարձրել»

Հոկտեմբեր 15,2012 20:13

Ինչպես հաղորդել էինք, այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2012թ-ի գործունեությունը:

Անդրադառնալով սիրիահայերի հիմնախնդիրների հետ կապված աշխատանքներին` Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խումբ», իսկ վերջերս՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն. «Այս պահին ՀՀ-ում է գտնվում շուրջ 5000 սիրիահայ՝ ավելի քան 1700 ընտանիք, որոնց խնդիրների լուծման համար ՀՀ օրենքներում եւ կառավարության որոշումներում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հայաստանի բուհեր է դիմել 200 ուսանող, իսկ դպրոցներ եւ մանկապարտեզներ հաճախում է ավելի քան 500 երեխա: Ներկա պահին գերակա խնդիրը սիրիահայերի աշխատանքի տեղավորելն է. դրսում նրանք սովոր են իրենց սեփական գործը ունենալ, ինչպես ասում են՝ «խանութ դնել», բայց նրանց համար դժվար է այստեղ այլ կազմակերպությունում աշխատելը: Այդ պատճառով գործատուների հետ իրականացնում ենք հնարավորը՝  խնդրին լուծում տալու համար»:

Նախարարի հաղորդմամբ՝ Հալեպում եւ Դամասկոսում գործում են հայկական համակարգող մարմիններ, որոնք համախմբում եւ գնահատում են սիրիահայերի խնդիրները. «Աշխատում են նաեւ մեր դիվանագիտական կառույցները, որոնք ներկայացնում են հայրենակիցների կարիքները: Սիրիայի այն տարածքներում, որտեղ իրավիճակը լարված չէ, սիրիահայերի կյանքն ընթանում է նորմալ հունով՝ ապրելու նվազագույն պայմաններում: Իսկ այն բնակավայրերում, որտեղ կրակոցներ են հնչում, առկա են սննդամթերքով եւ դեղամիջոցներով ապահովելու խնդիրներ»:

Խոսելով նախարարության աշխատանքը քննադատող մի շարք կարծիքներից՝ Հրանուշ Հակոբյանն ասաց. «Չեք կարող գտնել մի սիրիահայ, որի կարիքները չեն բավարարվել: Այլ խնդիր է, որ լրագրողները նախարարությունը քննադատության  թիրախ են դարձրել, մինչդեռ մեր հայրենակիցների խնդրով զբաղվել ենք 2011թ-ից, պարզապես չենք բարձրաձայնել այդ մասին:  Կարելի է ասել, որ սիրիահայերի խնդիրը փորձություն էր մեզ համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031