«6-րդ երեխա ունենալու դեպքում պետբյուջեից ավտոմեքենա տալով՝ ժողովրդագրական վիճակը չես փոխի: Շատ դժվար է ժողովրդագրական արդյունավետ միջամտությունը: Դա շատ ծախսատար է, ավելի ծախսատար, քան ծնողներին ավտոմեքենա նվիրելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանը: Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ե՞րբ է ծնողն ուզում երեխա ունենալ. «Ինքը մինչ այդ հարյուրավոր գործոններ է հաշվարկում՝ կկարողանա՞ պահել այդ երեխային, ինչի՞ կկարողանա հասցնել, ի՞նչ աստիճանի ապահովել, բնակարան ունի՞, թե՞ չունի, նայում է՝ վաղը ինքը աշխատավարձ կունենա՞, թե՞ չի ունենա, չի՞ խանգարի դա արդյոք իր կարիերային, առաջընթացին: Խրախուսումը պետք է լինի համալիր: Նախ պետք է խրախուսել՝ ամուսնանալու համար, նոր՝ երեխա ունենալու: Հիմա Բելառուսը ժողովրդագրական իրավիճակը ազգային անվտանգության հետ է կապել: Այնպիսի գայթակղիչ պայմաններ ունի, բայց անգամ այդ պայմաններում իրենք չեն կարողանում ապահովել ծնելիության աճ: Ես բազմիցս ասել եմ՝ մեզ մոտ ժամանակն է, որ խրախուսվի երկրորդ երեխա ունենալը, իսկ երրորդ եւ ավելի երեխան խրախուսելն ըստ էության ոչինչ չանել է: Գոնե երկրորդը պետք է ապահովել, երկորդ երեխայի կորստից պետք է խուսափել: Իսկ 6-րդ երեխա ունենալը խրախուսելն ընդամենը պրոպագանդիստական բան է: Ես չգիտեմ՝ դա նախընտրական է, թե ինչ է, բայց մի խոսքով՝ անլուրջ բան է: Լավ են անում, որ այդ մարդկանց տալիս են, արժեն իրենք, դրան էլ են արժանի, մի բան էլ ավելիին են արժանի: Բայց դա չի փոխում երեւույթը, չի փոխում իրավիճակը: Ցանկալի փոփոխությունների չի բերելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ