Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքին ոչ թե հրամայում, այլ դիմում են»

Հոկտեմբեր 15,2012 18:35

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. գործունեությունը:  Սփյուռքի նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իր աշխատանքը  նպատակաուղղել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ սփյուռքի նախարարության առջեւ դրված գերակա խնդիրների, աշխատանքային ծրագրի կատարմանը:

Նախարարի համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունը պետական կառավարման կայացած մարմին է եւ  լուծել է իր առջեւ դրված կազմակերպչական, իրավական եւ գաղափարական խնդիրները. «Նախարարությունը, ի տարբերություն կառավարման այլ համակարգերի,  չի կարող Սփյուռքին ինչ-որ բան հրամայել: Մենք դիմում ենք Սփյուռքին, խնդրում, հորդորում, եւ եթե վերջինս չարձագանքի, մեր համատեղ  ծրագրերը չեն կայանա: Նախարարության  կայացման  գլխավոր պայմանը Սփյուռքի շուրջ  երեսուն հազար կազմակերպության եւ անհատի հետ համագործակցությունն  է: Եթե համեմատենք մեր գործունեության առաջին եւ չորրորդ տարիները, տասնապատկվել են իրականացվող ծրագրերը՝ մասնակիցների թվի  եւ ներգրավվածության առումով: Էական է, որ տարեցտարի ներգրավվածությունն  ընդգրկում է աշխարհագրական առավել մեծ շրջանակներ»:

Տիկին Հակոբյանն ասաց, որ նախարարության գործունեության չորս տարվա ընթացքում Հայաստանում զբոսաշրջությունն աճել է 35 տոկոսով. «Կարեւոր էր նաեւ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը: Նախկինում շատ էին բողոքները՝ կապված երկքաղաքացիություն ստանալու փաստաթղթային քաշքշուկների հետ, սակայն այժմ օրենսդրական խնդիրները կարգավորված են, եւ մեր հայրենակիցները սիրով են դառնում երկքաղաքացի: Առաջին տարում երկքաղաքացի դարձան շուրջ 1700-ը, իսկ հետագայում թիվը  տասնապատկվեց»:

Նախարարը նաեւ նշեց, որ մի շարք գիտակրթական եւ հոգեւոր հաստատությունների հետ համագործակցության արդյունքում  հրատարակվել են կրթական եւ ճանաչողական գրքեր, ձեռնարկներ եւ խտասկավառակներ ու տարածվել Սփյուռքում:

Հավելենք, որ նախարարության առաջիկա միջոցառումների մեջ  են մտնում Լիբանանում կայանալիք հայկական ձեռագրերի հանրաճանաչության ծրագիրը՝ Զմառի միաբանության հետ համատեղ, եւ  սուրբ Ղազար կղզում կայանալիք հայկական տպարանների ցուցահանդեսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031