Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանի հարցը «Ժառանգությունում» կորոշեն ամսի 21-ին

Հոկտեմբեր 15,2012 18:02

«Մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ, կարծում եմ, ամեն ինչ պարզ է. Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության հետ կապված նույնիսկ հերքում էլ չէր արել: Ընդամենը գնահատական տվեց, որ դա հուզական հայտարարություն է, բայց չասաց, որ այն, ինչ ասում է պարոն Հովհաննիսյանը, ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ուրբաթ օրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի արած հակընդեմ հայտարարությանը, ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը Քոքոբելյանին ստախոս էր անվանել, քանի որ վերջինս դրժել էր մանդատը վայր դնելու՝ նախնական պայմանավորվածությունը: Իսկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կայքերից մեկին տված հարցազրույցում հաստատել էր, որ նման պայմանավորվածություն եղել է եւ ինքն էլ ներկա է եղել այդ պայմանավորվածությանը:

Մեր հարցին՝ ի՞նչ քայլեր են մտադիր ձեռնարկել «Ժառանգությունում», Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատների» հետ հետագա համագործակցության հետ կապված որեւէ որոշում առայժմ չունեն: Ի թիվս այլ հարցերի, այս հարցը եւս հնարավոր է քննարկվի ամսի 21-ին կայանալիք կուսակցության վարչության նիստում: «Ինքս, կողմ կլինեմ համագործակցության շարունակմանը»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Հարցին՝ այս ամբողջ պատմությունից հետո պատկերացնո՞ւմ եք համագործակցություն՝ հակադարձեց. «Պատկերացնելը շատ դժվար է, որովհետեւ, այս դեպքում արդեն «Ազատ դեմոկրատները» հնարավոր է խնդիր ունենան իրենց առաջնորդի հետ կապված: Ես խոսում եմ կուսակցության հետ համագործակցության մասին, քանի որ պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ էլ ոչ թե կուսակցությունն է շեշտված, այլ բացառապես Խաչատուր Քոքոբելյանը: Տեսնենք, թե ինչպես կլինեն հետագա զարգացումները»:

«Ժառանգության» անդամները, ըստ մեր զրուցակցի, «նորմալ» են վերաբերվում այս ամենին, քանի որ՝ «չկա որեւէ կասկած, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ չի ասել»:

Հետաքրքրվեցինք՝ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Խաչատուր Քոքոբելյանը հընթացս է փոխել իր որոշումը, թե՞ ի սկզբանե է նման տրամադրվածություն ունեցել: «Չեմ կարող ասել: Կարծում եմ, Քոքոբելյանը պետք է պատասխանի այդ հարցին»: Հիշեցրեցինք, որ մոտ երեք տարի առաջ, երբ Քոքոբելյանը լքեց ՀԱԿ-ը, նույնպես սկանդալ առաջացավ. այն ժամանակ իր քաղաքական թիմը Քոքոբելյանին մեղադրեց «իշխանությունների հետ համագործակցության» մեջ: «Մենք որեւէ նման մեղադրանք չունենք: Ունենք այն, ինչն ունենք, ինչը պարոն Հովհաննիսյանը բարձրաձայնեց՝ պայմանավորվածություններ խախտելու հետ կապված: Ուստի, խնդիրն այդ հարթությունում պետք է դիտարկել: Պարոն Հովհաննիսյանի հայտարարությունն էլ շատ ամբողջական է ու խնդիրն այն է, որ ճշմարտությունը վեր է ամեն ինչից: Մնացածը՝ մոտակա ժամանակներս կպարզեցվի եւ կպարզվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031