Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգությունը» վերականգնվել է

Հոկտեմբեր 15,2012 17:45

Վերականգնվել է Մինաս Ավետիսյանի  ամենամեծ որմնանկարը՝ «Հայկական հովվերգությունը»: Վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով Իտալիայից ժամանել էր “Palazzo Spinelli” Արվեստի և վերականգնման ինստիտուտի դասախոս, ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին իր մի խումբ ուսանողների հետ:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման և ամրակայման ծրագիրը մեկնարկել է  2007 թ.-ին: Այս ընթացքում վերականգնվել է 8 որմնանկար:

«Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնումը սկսվել է ամռան սկզբին և իրականացել  3 փուլով:

«Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնան համար  Ֆաբրիցիո Յակոբինին առաջին անգամ եկել է Հայաստան միայնակ, հաջորդ այցերին նրան են միացել իր ուսանող-ռեստավրատորները:

22-ամյա Ջուլիա Ֆաբրիսը, ով Ֆաբրիցիոյի ուսանողներից է, առաջին անգամ է Հայաստանում՝ մասնակցելու որմնանկարի վերականգման վերջին փուլին:

«Հայաստանի, Մինաս Ավետիսյանի մասին ինձ տեղեկացրել է Ֆաբրիցիոն: Ես մինչ այս աշխատել եմ միայն եկեղեցու որմնանկարների վերականգնման ուղղությամբ  և սա իմ առաջին փորձն էր՝ այսպիսի աշխատանք վերականգնելու:  Ինձ դուր է գալիս Մինաս Ավետիսյանի օգտագործած տեխնիկան, նկարների գույները»,-ասում է Ֆաբրիսը:

Իտալիայից ժամանած խմբին միացել են նաև հայ ռեստավրատորները, հայ ուսանողները:

«Իտալական մեթոդը  շատ էֆեկտիվ է, դա ցույց է տալիս և փորձը: Այս ծրագիրը միտված էր նաև նպաստելու տեղացի մասնագետների ներգրավմանը որմնանկարի վերականգնման աշխատանքներում՝ փորձի փոխանակում իրականացնելու համար»,- նշում է  «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:

«Մինասի գործերն այն տիպին է պատկանում, որն ինձ հոգեհարազատ է,  ֆրանսիական մոտիվներ եմ տեսնում դրանցում: Մինասը նկարել է իր հողը, իր երկիրը պոետիկ ձևով»,-պատմում է Ֆաբրիցիո Յակոբինին, ով ղեկավարում  է Իտալիայից ժամանած թիմը:

Վերականգնման աշխատանքը մեծ էր, մի քանի ուսանողներիս նույնպես ինձ հետ եմ բերել: Օրը մոտավորապես 7-8 ժամ ենք աշխատել:»

Ֆաբրիցիոն մինչ Հայաստան գալը  իմացել է միայն հայոց ցեղասպանության մասին: Ինչպես նա է նշում, իրեն դուր է գալիս Հայաստանը, այլապես չէր վերադառնա:

24-ամյա ուսանող-ռեստավրատոր Լաուրա Միշելին պատմում է , որ Իտալիայում ավելի հին աշխատանքների վերականգնմանն է մասնակցել:

«Այս աշխատանքը ոչ միայն հետաքրքիր էր, որովհետեւ ուշ շրջանի է  պատկանում, այլև ես ինձ համար նորություն բացահայտեցի. նկարում հայկական հողն էր, այն երկիրը, որը ես նախկինում չէի տեսե: Ինձ լավ եմ զգում Հայաստանում, ինձ դուր է գալիս հյուրընկալությունը, հյուրասիրությունը»,-ասում է նա:

Ուսանողները պատմում են որմնանկարի վերականգնման աշխատանքի ընթացքի մասին: Սկզբում խնդիրը եղել է նկարը պատից հեռացնելը:  Հանելուց հետո պատրաստել են նոր հենք՝ ալյումինից ու ապակուց: Այնուհետև  ըստ այդ նկարների չափերի ֆիքսել են ճիշտ տեղը ու դրանից հետո սոսինձով ամրացրել: Ամրակայում է  կատարվել և վերջնական գույների ավելացում:

«Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում:

Որմնանկարների վերականգնման ծրագիրն իրականացնում է Մշակույթի նախարարությունը, ծրագրին մեծ աջակցություն է  ցուցաբերել «Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի» ղեկավար Գայանե Կազնատին:

Իտալիայի ռեստավրացիոն դպրոցը բավականին զարգացած է, դրանով է պայմանավորված նաև Իտալացիների ներգրավումը հայ որմնանկարների վերականգնմանը: Արվեստի մոտ 70%, որ վերականգնման խնդիր ունի, գտնվում է հենց Իտալիայում: Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը կարևորում է և մատնանշում է իտալացիների հարգանքը հուշարձանների հանդեպ և վերականգնման գրագիտությունը:

Ինչպես նշում է Արման Ավետիսյանը, լուրջ վերականգնման կարիք ունի նաև «Արմենիա» որմնանկարը և մասնակի վերականգնման խնդիր Ազատանի մշակույթի պալատի որմնանկարը:

 

Արփինե Արզումանյան՝  (mynews.am)

 

Նկարում Ֆաբրիցիո Յակոբինին է իր երկու ուսանողների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031