«Բարի օր…կարծում եմ՝ դու էլ իմ նման Աստծո հետ խոսելիս «դու»-ով ես խոսում։ Նա էլ, ով Աստծուն չի հավատում, ինքն իր հետ խոսելիս, երևի թե «դու»-ով է սկսում…
Կցանկանայի, որ գոնե որոշ իշխանավորներ մի փոքր ժամանակ գտնեն ու կարդան այս դիմում-նամակը։
Բարև Ձեզ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան։
Բարև Ձեզ, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյան։
Բարև Ձեզ, ԱԺ պատգամավորներ։
Բարև Ձեզ, ՀՀ քաղաքացիներ։
Ամբողջ սրտով բարին եմ ցանկանում Ձեզ» այդպես է գրում իր փոքրիկ վիպակում մահապատժի դատապարտված, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 16 տարի առաջ հայտնված Մհեր Ենոքյանը։
Ես չգիտեմ, կհասնի՞ Մհեր Ենոքյանը նրան, որ վերանայվի իր դեմ հարուցված քրեական գործը: Առայժմ դատարաններում, ուր նա այդ պահանջն է դնում, մեղադրողները մի բան են ասում.մեզանում կլինի նախադեպ՝ գործերի վերանայման առումով, եւ որ ցանկացած ազատարզրկման դատապարտված կարող է պահանջել այդ: Հետեւանքը՞: Անկանխատեսելի է: Իսկ թե ինչու՝ չի ասվում: Մհերի համար անկանխատեսելին, թերեւս, իր ընկերներից մեկին՝ Արամ Հարությունյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելն էր, եւ այսօր, նրա ազատության մեջ հայտնվելը:Մհերն ասում է, որ Արամ Հարությունյանն է սպանել Իոսիֆ Աղաջանովին, նրա հարազատներն են թաքցրել նրա դիակը, այն էլ «մանկական հանրախանութից» գնված պարկի մեջ: Իսկ ինքն ընդամենը բաժանել է նրանց, երբ նրանք վիճել են:Եւ վիճել են, որովհետեւ Իոսիֆը հրեայի անուն էր կրում…
Մհերն ասում է, որ իր բաժանելը տեսել են Արամն ու նրա քույրը՝ Արմինեն:Նա պահանջում է, որ Արամին եւ Արմինեին, որպես ականատես, վեճի մասնակից նորից հարցաքննեն, որ դա նոր երեւան եկած հանգամանք է…
Մհերը պահանջում է, որ կանչեն այն ժամանակվա քննիչներին, փորձագետներին, մի խոսքով …վերականգնվի…մինչդատական վիճակը:
Անկեղծ ասած, ես չեմ հավատում դրա հնարավոր արդյունավետությանը, անաչառությանը:
Բայց ինքը հավատում է: Ազատազրկվածը հավատում է:
16 տարի առաջ Մհերը հայտնվեց մեկուսարանում:
…1996 թվական, նոյեմբերի 29-ը, ՀՀ Գերագույն դատարան։ Այդ օրը, այդ նույն վայրում ինձ դատապարտեցին մահապատժի։ 20 տարեկան էի։ Բերեցին Երևանի ծայրամաս, «Նուբարաշենի» կլոր բերդը՝ բանտ։ «Բոքսեր» կոչված կեղտոտ, գարշահոտով լցված խցերից մեկում գլուխս կիսատ-պռատ թրաշեցին, սև գույնի քնձռոտ «սպեցովկա» կոչվածը հագցրեցին՝ շալվարը կարճ, վերևում հակառակը՝ մի երեք չափ մեծ, ոտքերիս էլ կոշիկներ՝ առնվազն մի երկու չափ մեծ։ Բարձրացրեցին 5-րդ հարկ՝ մահապարտների բաժին։ 19 մահվան դատապարտվածներ գտնվում էին 5 խցերում։ Ինձ տեղավորեցին համար 88-ում։ Սովորաբար խուց մտնելուց առաջ մոտ 10-15 աշխատակիցներ մի շան ծեծ էին տալիս՝ ոտքերով, ձեռքերով, մահակներով, կես մարդ էին սարքում ու նոր, բառիս բուն իմաստով, շպրտում մութ զնդան։ Ծեծում էին մոտ կես ժամ, ամբողջ բերդով լսվում էին հարվածների բութ ձայներ և մահացողի անտանելի ոռնոցներ։
Ինձ մատով չկպան, տվեցին համեմատած հաստ՝ երկու մատնաչափ ներքնակ և ոչ այնքան շատ քրքրված ծածկոց։ Սա ասում եմ, որովհետև սովորաբար ներքնակ ընդհանրապես չէին տալիս, դրա փոխարեն մի հոտած քեչա էին գցում։ Խուց մտնելուց առաջ այդ օրվա «սմենի» պետն ասաց. «Մհեր ջան, պի՛նդ կաց, դուխից չընկնես, Աստված կա՛»: Աշխատակիցների մեծ մասի նման լավ վերաբերմունքը պայմանավորված էր նրանով, որ գործն իմանալով, չէին հավատում, որ ես մարդասպան եմ, իսկ ինձ անգամ մի փոքր լավ ճանաչողները համոզված էին՝ ես մարդ սպանելու ընդունակ չեմ։ Բացի այդ, հարազատներս էին կանգնած թիկունքիս, փառք Աստծո։
Համար 88-ում, ըստ ադմինիստրացիայի, նվազ չարագործներ էին: Ներս մտա։ Բնական լույս չկար, շատ խոնավ ու անտանելի ծանր, տհաճ հոտ, երկու նառ՝ մահճակալ։ Ու մահճակալ բառի «մահ» հատվածը իսկապես որ տեղին էր այս պարագայում։ Խցում երեք մահապարտ կար, մեկը խոնավ ասֆալտե հատակին էր քնում».ահա առաջին տպավորությունը:
Մհերը ներկայացնում է հետո.«Բարևեցինք։ Առաջին հարցն ինձ.
– Քանի՞ տռուպ ես տվել։
– Ես մարդ չեմ սպանել։
– Ատկազո՞վ ես, հա, բայց գործով, մեղադրանքով քանի՞սն են։
– Մեկը…
– Վա՛յ ես դրանց, մեզ էլ մահապատի՞ժ, էս էրեխո՞ւն էլ…
Հարցրեցի իրենց մասին, սկսեցին հպարտ-հպարտ պատմել, թե ով քանի մարդ է սպանել։ Պարզվեց մեկը՝ 4, մյուսը՝ 3, իսկ «գողը» 5 մարդ էր սպանել։ Երկուսը բազմակի դատվածություն ունեին՝ դեռ Սովետական Միության ժամանակներից։ Զզվելի էր, սիրտս էլ խառնեց։ Բայց դուռը փակել էին, չորս պատ, բերդն էլ կլոր։ Ի՞նչ անել, պետք է գոյատևել, բայց մինչև ե՞րբ։ Գոյատևել ու վե՛րջ»։
16 տարիների ընթացքում Ենոքյանը մի բան է երազել.«Ապրե՛լ», բայց հակառակը ստացվեց.«Ապրե՛լ, ապրել առանց մաքուր օդի, առանց լույսի, առանց շորի, առանց նորմալ սննդի, առանց գրքի, առանց նույնիսկ ռադիոյի, առանց օճառի, առանց, առանց, առա՛նց…
Ասե՛մ, չծիծաղեք, մեկը կար, հազար դրամով ամիսը մեկ անգամ հսկիչից ոչ թե մի ամբողջ ամսագիր, այլ ընդամենը ամսագրից պոկված մի պատառոտված թերթ էր գնում՝ կիսամերկ կնոջ լուսանկարով։ Ինչևիցե…
Նրանցից մեկը սուրճ առաջարկեց։ Չհրաժարվեցի։ Տեսնեմ՝ իր մատնածափ ներքնակի միջից տոպրակի փոքրիկ կտոր հանեց, մեջը մի 5-6 գդալի չափ սուրճ, իսկ մյուսը՝ թաքստոցից չոր սպիրտ բերեց։ Այսքանը տեսնելով՝ նրբանկատորեն հրաժարվեցի։ Գիտեի, որ մահապարտներին դրսից սնունդ ստանալ չի թույլատրվում, իսկ բերդի «բալանդ» կոչվածն ուտելու բան չէ։ Հարցրեցի՝ բանտում փողով նորմալ սնունդ հնարավո՞ր է ճարել։ Ասացին. «Ախպերս, փողը դաժը գերեզմանում ա լույս տալիս»։
Ինձ մոտ 5 հազար դրամանոց էի թաքցրել, խուզարկելուց չգտան։ Երբ իմացա, թե ինչ կարելի է այդ 5 հազարով գնել, շատ զարմացա։ Մի խոսքով, ամենաէժան տարբերակը երշիկն էր։ 1.5 կգ-ն 1996 թ.-ին այստեղ ուղիղ 5 հազար արժեր։ Օրենքով գող կոչվածը ձեռքով սարքված քանոնով չափումներ արեց, բաժանեց երշիկը չորս մասի, նոր միայն կտրեց։ Ես նկատեցի, որ այստեղ էլ արդարություն չկա։ Չէ, գողի կտորը չէ, այլ իմը՝ այն նկատելի մեծ էր:
Ու այսպես, 1996 թ.-ի նոյեմբերի 29- ին ես դարձա 20-րդ մահվան դատապարտվածը Հայաստանում»։
Օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մհեր Ենոքյանին՝ գործը վերանայելու նրա պահանջը:
Նա բողոքարկելու է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Մհերը հավատում է, որ իրենով նախադեպ լինելու է, որ 16 տարի անց էլ ինքը ապացուցելու է, որ ինքը Մարդ չի սպանել, քանզի ինչպես ինքն է գրում, չի կարող Մարդ սպանել, որովհետեւ Մարդու հետ իր զրույցն առ այսօր շարունակվում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ