«Քաղաքացին գոնե գիտի, որ առավոտվա ժամը 9-ից մինչև 6-ը աշխատում ա, շաբաթ կամ կիրակի տանն ա, իսկ գյուղի կինը ամբողջ օրն ա աշխատում. առավոտյան անասուներին ես ուղարկում հանդ, խմոր ես անում, ապա գնում ես հողամաս, հետո դաշտ ես գնում՝ խոտ հավաքելու: Դու պիտի հասցնես զբաղվել երեխաների դաստիարակությամբ »,-ասում է 65-ամյա Հռիփսիմեն: Տիկին Հռիփսիմեն արդեն 10 տարի է, ինչ բնակվում է Երևանում (տղայի տանը-հեղինակ), իսկ մինչ այդ ապրում էր Շիրակի մարզի Մուսաելյան գյուղում: Պատմում է՝ գյուղում կանայք այնքան էլ չեն զբաղվում իրենց խնամքով: « Ամեն տարի ամռանը գնում եմ իմ հարազատ գյուղ, էնտեղ վարսավիրանոց կա, էլի « թիթիզ-միթիզ» բաներ կան, բայց ախր ժամանակ չկա: Բայց դե նշանդրեքներին ու հարսանիքներին սիրունանում են. բա ո՞նց»,-պատմում է նա: Տիկնոջ խոսքով՝ ճիշտ է, դժվարություններ կան, բայց էստեղ իր կյանքն ավելի է հեշտացել: Տոնի մասին նա չգիտեր, տեղեկացավ մեզանից. «Շնորհավորում եմ բոլոր գյուղացի կանանց. նրանք և՜ կին, և՜ տղամարդ են, թող իրանց կյանքը մի քիչ թեթևանա»,-մաղթում է տիկին Հռիփսիմեն:
Տոնը լավ առիթ է գյուղի կանանց համար իրենց գոնե մեկ օրով հանգստին տրամադրելու, ինչը մի փոքր կասկածելի է: Այն նաև դրդում է քաղաքացիներին հիշել, թե որքան բաներ նրանք ունեն՝շնորհիվ գյուղացի կանանց: «Կանայք մեզնից շատ տոներ ունեն՝Մարտի 8, Ապրիլի 7, հիմա էլ գյուղացի կանանց տոն. հետո էլ բողոքում են: Անկեղծ ասած չգիտեի, որ այսպիսի տոն կա, երևի ուշադիր չեմ եղել: Հիմա կզանգեմ ու կշնորհավորեմ բարեկամներիս, թող անակնկալի գան, ինձ թվում ա՝ իրենք էլ չգիտեն»,-ասում է 20-ամյա Արմենը:
Տոնը հռչակվել է 1995թ-ին Պեկինում, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում: Ըստ վիճակագրության` գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Նրանք մեծ ներդրում ունեն արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում: Ամեն տարի այս օրը՝ հոկտեմբերի 15-ին, գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ` գյուղացի կանանց նույն կարգախոսով` հասանելի դարձնել վարկերը, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ու մաքուր ջուրը:
Նազենի Բաղդասարյան