Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնոցու կարագից մինչեւ կարմրախայտ, ավելուկից` նվիկ. Գյուղացիների համոզմամբ, Հերմոնն ամեն ինչ ունի «տուրիստական կենտրոն դառնալու համար»

Հոկտեմբեր 15,2012 16:59

Լուսանկարը Կարապետ Սահակյանի

Վայոց ձոր տանող ճանապարհը փոխվում է ամեն շրջապտույտից հետո: Դեպի հարավ` գույներն ավելի տաք ու կանչող են դառնում: Արփա գետի մեծ ու փոքր վտակների կտրատած հովիտները Վայոց ձորը զարդարում են բնական ճարմանդներով: Լեռների ստորոտներին ու հովիտների արանքում փռված են գյուղերը: Մարզի հյուսիսարևելյան հատվածում` ժայռերի արանքներում, ծվարել է Հերմոնը:

Գյուղի տները տարբերվում են իրարից: Բակերից մեկում խնոցի հարող գյուղացի երկու կին ասում են, որ պատճառը տարբեր շրջաններից գյուղի վերաբնակիչներն են:

«Էս գյուղում ով ասես չի ապրում, եկել են Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Նախիջևանի գյուղերից, մեր շրջանի տարբեր գյուղերից: Եկել-խառնվել ենք իրար, ամեն մեկս մեր ավանդույթներով ու սովորություններով»,- ասում է 56-ամյա Գեղեցիկ Հովհաննիսյանը, ով գյուղի եզակի կանանցից է, որ շարունակում է խնոցիով կարագ ու յուղ սարքել:

«Հիմա զարգացել են, չեն ուզում չարչարվել, բայց ես գերադասում եմ ձեռքիս սարքածը: Կաթի հասունացած սերը մի ամիս հավաքում եմ, հետո լցնում խնոցու մեջ, այնքան ենք հարում, որ պինդ մասսան առանձնանում է հեղուկից: Պինդն էլ տնական մաքուր կարագն ա: Էս տարի մենակ 50 կգ յուղ եմ հալել: Նաև վաճառում եմ: Գյուղ եկող տուրիստների խելքը գնում ա տնական կարագի, հորած պանրի ու լավաշի համար»,- ասում է Գեղեցիկը` առաջարկելով համտես անել իր տնական կարագից:

Գյուղի փողոցներում ու բակերում հիմնականում կանայք ու երեխաներ են: Հերմոնի գյուղապետարանի աշխատակից Արշավիր Գրիգորյանն ասում է, որ գյուղը լցվում է աշնան վերջին, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադառնում:

«Ինչպես բոլոր գյուղերը մենք էլ ունենք խնդիրներ`արտագաղթ, գործազրկություն… Գաղտնիք չէ, որ գյուղացուն մենակ են թողել հողի հետ: Մեր գյուղը լեռնային գոտում է, ու էն բերքը չի տալիս, ինչ դաշտավայրինը, բայց, դե, էլի մարդիկ ապրում են` մրգեր աճեցնելով և անասնապահությամբ զբաղվելով: Սովետի տարիներին այստեղ ադրբեջանցիներ էին ապրում: Սովխոզ էր, ու մեծ քանակությամբ կով ու մանր եղջերավոր անասուններ էին պահում: Բայց Բաքվից եկածները անասուն հաստատ չէին կարողանա պահել ու այդպես էլ եղավ»,- բացատրում է Գրիգորյանը, ով Հերմոն է տեղափոխվել Նախիջևանի Զնաբերդ գյուղից:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել