Երեկվանից սոցիալական ցանցերում բուռն քննարկվում են Էրեբունի-Երեւան տոնակատարությունների մանրամասները` ինչո՞ւ հրավիրվեց Վերա Բրեժնեւան, ամոթ չէ՞ր, որ կաթողիկոսի առաջ ելույթ ունեցավ ռուսական «Սերեբրո» խումբը, ինչքա՞ն փող ծախսվեց, ո՞ր երգիչը շատ փող ուզեց, ինչո՞ւ հրդեհ բռնկվեց եւ այլն:
Այդ բոլոր քննարկումներից զատ, նշենք, որ երեկ շքեղ տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակում հյուրերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն» համայնքի աղբատար ավտոմեքենան, որը հրապարակի հենց կենտրոնում այսպես ասած «օնլայն» աղբ էր հավաքում` տարածքը մաքուր պահելու համար: Ու չնայած կարելի է կռահել, թե ինչ կլորիկ գումար է պետբյուջեից վճարվել այդ մի քանի դրսի երգիչ-երգչուհիների համար, անհասկանալի էր, թե այդ տոնական ու ծախսատար օրը ինչու էր քաղաքապետարանը որոշել Հանրապետության հրապարակ բերել 2794-ամյա հին աղբատարը, երբ քաղաքապետարանի բազայում կային ավելի նորաոճ, ավելի մաքուր ու նորմալ մեքենաներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ