Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվացի լրագրող. «Ձեր մրգերը ձեր երկրում էլ Մոսկվայի գներն ունեն»

Հոկտեմբեր 15,2012 15:49

«Հայաստանում համեղ մրգեր ու բանջարեղեն են մշակում, բայց, չգիտես ինչու, Մոսկվայի գներով են վաճառում»,-  Երեւան–Մոսկվա–Աստանա–Քիշնեւ–Կիեւ տեսակամրջի ժամանակ մոսկվացի լրագրողը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հայաստանում գներն այդքան բարձր, բացի այդ, լրագրողին նաեւ հետաքրքրում էր, թե գյուղատնտեսության ոլորտում մեր երկիրն ինչպես է հաղթահարել բարեփոխումները: Պարոն Բաղյանը պատասխանեց, որ մեզ մոտ տարբեր գներ կան եւ, թերեւս, թանկ լինելու պատճառներից մեկն այն է, որ հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկատերերն են զբաղվում մրգերի ու բանջարեղենների մշակմամբ ու առուվաճառքով:

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, փոխնախարարը հայտնեց, որ դրանք խորհրդային կարգերի փլուզումից հետո դեռ շարունակվում են եւ Հայաստանը շեշտը դրել է չօգտագործվող հողերի վրա. «Ամեն տարի պիտի 20-23 հազար հեկտար չօգտագործվող հողերից ավելացնենք օգտագործվող հողերին»:

Տեսակամուրջը «Պարենային անվտանգություն. մարտահրավերներ ԱՊՀ երկրների համար» թեմայով էր: Այն կազմակերպվել էր «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում: Վաղը Պարենի համաշխարհային օրն է: Այս առիթով, ԱՊՀ երկրների գյուղատնտեսության ոլորտի մի շարք մասնագետներ տեսակամրջի ժամանակ մտահոգություն հայտնեցին, որ պարենային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսության կայուն զարգացում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, արտադրանքի որակի վերահսկում:

Ինչպես մասնագետները նշեցին, այս տարվա ամառը նորմայից դուրս է եղել եւ մի շարք տարածաշրջաններ տուժել են երաշտից, որոշ վայրերում էլ տեղատարափ անձրեւներ են եղել, ինչի հետեւանքով Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում հեկտարներով տուժել են ցորենի եւ այլ բույսերի ցանքատարածություններ:

Ղազախստանի ներկայացուցիչը վստահեցրեց, որ այս տարի իրենց մոտ առատ բերք է եղել եւ բացի այդ, իրենց երկիրը ամեն ինչով ապահովված է, խնդիրը միայն թռչնամսի ու շաքարավազի պակասությունն է:

Մոլդովայում պարենի` հատկապես ցորենի հարցը գյուղատնտեսներին շատ է անհանգստացնում: ԳԱ Էկոնոմիկայի, ֆինանսների եւ վիճակագրության ինստիտուտի ագրարային տնտեսության եւ գյուղատնտեսության բաժնի վարիչ Վիկտոր Մորոզի խոսքերով, իրենց երկրում ժողովրդի 50 %-ն ապրում է գյուղերում եւ գյուղացիները վաղուց իրենց հույսն իրենց վրա են դնում. «Նրանք իրենց պահուստը միշտ ունենում են եւ ոչ ոքի վրա հույս չեն դնում, բայց գյուղացիները կառավարությունից պահանջում են աջակցություն վառելիքի եւ այլ հարցերում»:
«Ամեն երկրում էլ դժվարություններ կան, օրինակ` մեր կառավարությունը գյուղատնտեսների համար սուբսիդավորել է վարկերը եւ դա շատ լավ օգնություն էր նրանց համար»,-հայաստանյան փորձը ներկայացրեց Գրիգորի Բաղյանը: Մասնակիցներն այն կարծիքին էին, որ պարենային անվտանգության խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է համագործակցություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031