Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսկանյանի հարցով արտաքին արձագանքի մասին. «Ճիշտ կլիներ, որ նման կեցվածք արտահայտվեր, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունեինք»

Հոկտեմբեր 15,2012 15:32

ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանքի առաջադրման առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ տարածեց, որտեղ նա մասնավորապես ասաց. «Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:  Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին` անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով զեկուցող Աքսել Ֆիշերն էլ նշել էր. «Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»:

Արտասահմանցի պաշտոնյաներն իրենց մտահոգությունը հայտնում են միայն Վարդան Օսկանյանի մասին, չանդրադառնալով ՀԱԿ չորս ակտիվիստներին, որոնք վերջերս ազատազրկվեցին, և ՀՀ ընդդիմությունը պնդում է, որ նրանք հալածվում են քաղաքական նպատակներով:

Aravot.am-ը Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ արդյոք արդարացվա՞ծ է այն, որ  արտասահմանցի պաշտոնյաները Վարդան Օսկանյանի հարցով մտահոգություն հայտնում են, իսկ ՀԱԿ ակտիվիստների հարցը չեն արծարծում: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ հարցերը պետք չէ տարանջատել: Եթե խոսք է գնում քաղաքական հետապնդումների մասին, ապա ճիշտ կլիներ, որ նման կեցվածք արտահայտվեր այն ժամանակ, երբ հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ ունեինք, երբ հետապնդվում էին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները»:

Մեր մյուս հարցին, արդյոք պարոն Կարապետյանն ունի՞ բացատրություն, թե ինչու միջազգային պաշտոնյաները մտահոգված չեն ՀԱԿ ակտիվիստների խնդրով, և այդ հարցում արժե՞ հույսեր կապել դրսի արձագանքների հետ, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ «իրենք սովորել են հույսներն իրենց վրա դնել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ դեսպանի՝ Վ. Օսկանյանի խնդրով արձագանքի մասին ասաց. «Կարծում եմ, որ պետք է թույլ տալ երկրի իրավապահները որոշեն իրենց անելիքը: Չեմ կարծում, որ քննությունը երկար տևի, ուստի շուտով բոլորս էլ կիմանանք մանրամասները: Բայց արտասահմանից դիվանագետների առաքելությունն այլ հարթության մեջ եմ տեսնում, երևի իրենց մոտեցումներն են հստակեցնում: Նրանց հայտարարություններում դեր են խաղում նաև Օսկանյանի հետ անձնական շփումները»:

Մեր այն հարցին՝ արդյոք դրսից ինչ-որ բան են ցանկանում հասկացնել, երբ Վ. Օսկանյանի խնդրի մասին մտահոգություն հայտնելով շեշտում են այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին, տիկին Աճեմյանն այսպես պատասխանեց. «Մեսիջներ, անշուշտ, կան այդ ասվածների մեջ, բայց մենք այդ աշխատանքը, այնուամենայնիվ, թողնենք իրավապահներին: Չեմ կիսում այն կարծիքը, որ Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Տարբեր պաշտոնյաների դեմ այժմ իրականացվում են քննություններ, բայց նրանք բոլորը ԲՀԿ-ից չեն: Ուստի կարծում եմ, որ այդպիսով Օսկանյանին արդարացնելու ճանապարհներ են որոնում: Այդ ամենը բխում է նրանից, որ քաղաքական դաշտում անորոշություն կա, ինչը շուտով կհստակեցվի, երբ քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց ռազմավարությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031