Այս անգամ պետական գնումների ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) թիրախում են հայտնվել, ինչպես հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասաց` սոցապ հիմնարկները:
Ընդհանուր առմամբ, հանձնաժողովն ուսումնասիրել է հանրապետության բոլոր 11 սոցհիմնարկները` 8 մանկատուն եւ 3 ծերանոց: Այսօր ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: Նշեք, որ ուսումնասիրվել է 2011 թվականի գործունեությունը, ըստ այդմ, պարզվել է, որ մի շարք ընկերություններ մրցույթներին մասնակցել են փոխհամաձայնեցված, այսինքն` միասին գին են որոշել, որի արդյունքում համաձայնության եկած ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում: Օրինակ` միեւնույն ընկերությունը մրցույթում կարտոֆիլի համար առաջարկել է 500 դրամ, իսկ նույն ժամանակահատվածում մեկ այլ մրցույթում այս նույն ընկերությունը կարտոֆիլը 300 դրամով է առաջարկել: Ի վերջո, մրցույթում հաղթող է ճանաչվել 320 դրամ առաջարկողը: Սա, ըստ հանձնաժողովի վկայում է, որ մրցույթին մասնակցած այս 2 բավականին տարբեր գներ առաջարկած ընկերությունները փոխկապակցված են միմյանց հետ եւ ներքին համաձայնության են եկել:
ՏՄՊՊՀ -ն նաեւ մի ընկերություն է բացահայտել, որը 100 դրամանոց բազուկը 300 դրամով է մատակարարել: Գրեթե բոլոր սոցհիմնարկների փաստաթղթերում` գնման պլաններում բացակայում են պահանջվող ապրանքի տեխնիկական չափորոշիչները: Այսինքն` գրված է ձեթ, սակայն տեխնիկական նկարագիր չկա, թե ասենք` ձեթը ռաֆինացվա՞ծ է. Տեխնիկական նկարագիրն անհրաժեշտ է, քանի որ դրանից ապրանքի գինն է կախված: Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով` մի շարք սոցհաստատություններ մրցույթներ հայտարարելուց նշել են պահանջվող ապրանքի ապրանքանիշը. ասենք` լվացքի փոշի`«արիել» կամ «Բինգո». «Այստեղ ուղղորդման հստակ ռիսկ կա, այսինքն` ապրանքանիշի ներկրողը կամ արտադրողը առավելություն է ստանում իր մրցակիցների հանդեպ»:
Կարդացեք նաև
Ըստ հանձնաժողովի, 2011 թվականի հաշիվ ապրանքագրերով որոշ մանկատներ եւ ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից 200 % թանկ գնով: Սա հանձնաժողովը որակեց որպես պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում: Բացի այս, հանձնաժողովը վարչական վարույթ է սկսել 5 ընկերությունների նկատմամբ եւ վարույթի շրջանակներում կհրապարակվեն օրինախախտ ընկերությունների անուններն ու պատժամիջոցները:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց. «Այսուհետ «սեւ ցուցակ» ենք կազմելու եւ այնպես ենք անելու, որ չարաշահողներն ընդհանրապես հնարավորություն չունենան մրցույթներին մասնակցելու պետգնումների շրջանակում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ