«Ոչ մի պատերազմ հանկարծակի առավոտյան չի սկսվում: Յուրաքանչյուր պատերազմի, ռազմական բախման թաքնված շրջանը կա: Մեր պետության հետախուզական մարմինները ուշադիր հետեւում են այդ փոփոխություններին: Այսօր կարող եմ ասել, որ անմիջապես ռազմական բախման նախապատրաստական աշխատանքներ մեր հակառակորդի կողմից չեն դիտվում: Նրանց ռազմատենչ հայտարարություններն ընդամենը ունեն մի քանի նպատակ՝ իրենց ներքին սպառողի համար է: Համոզված եմ, որ պատերազմին եւ մեր պետությունը եւ զինված ուժերը չեն լինի անպատրաստ»,- այսօր պաշտպանության նախարարությունում ասուլիսի ժամանակ ասաց ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ , գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը:
Նա անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վրա հարձակում իրագործելու Ադրբեջանի հայտարարություններին, ասաց, թե օդանավակայանի, թե ինքնաթիռների վրա հարձակվելու հնարավորությունը տեսականորեն հակառակորդն ունի.«Հարցը պետք է դիտվի իրավական, դիվանագիտական դաշտում: Մենք՝ զինվորականներս, մեր առջեւ դրված խնդիրները կարող ենք կատարել»:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելեց. «Այդ հոխորտանքներն այն նույնն շարքից են, ինչպիսին 6 օրում Հայաստան գրավելն է, Սեւան հասնելը եւ այլն: Այս 20 տարում նման բաներ շատ ենք լսել, բայց նման հայտարարությունից հետո գործի անցնելը ոչ մի կերպ չի ստացվում: Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական ինքնաթիռներին խոցելու մասին արտահայտությունների առաջին փուլը իրենց համար շատ ծանր նստեց: Տեսնելով որ Արցախը տնտեսապես շրջափակելու համար լուրջ գործոն կարող է դառնալ, փորձում են ճնշել: Չեմ կարծում՝ ուրիշ լուրջ բան կա դրա տակ» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ